«Մեր նախագծի առաջաբանն է՝ ես մենք ենք, որովհետև ես մնալով դու ոչինչ չես կարող իրակակնացնել, իսկ մեք դառնալով՝ կարող ես, այդ մենքը հարյուր հազարարներ են, ուղղակի նրանք հավատը կորցրել են»,-այսօր Հանրային հեռուստատեսության Նվեր Մնացականյանի «Հարցազրույց» հեղինակային հաղորդման ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգյանը:
Զրույցում նա նշեց, որ որևէ կուսակցության հետ իրենք պատրաստ են ռեալ համագործակցության, եթե տվյալ կուսակցությունն իրենց համարի գործընկեր: Նվեր Մնացականյանի այն հարցին, թե արդյո՞ք ֆինանսավորվելու է իրենց ընտրապայքարը, Արամ Սարգսյանն ասաց, որ առաջին հերթին դա կանի կուսակցությունը, ինչպես նաև կբացվի հիմնադրամի հաշիվ. «Ամեն անգամ մեզ հարցնում են, թե փողը որտեղից եք վերցնում: Ասեմ, որ մեծահարուստները մեզ չեն ֆինանսավորում, խոսքը սովորական մարդկանց մասին է, որովհետև մենք պատրաստվում ենք ստվերային այս տնտեսությունը քայքայել և մինչև վերջ դեմոնտաժ անել: Այն գործարարները, ովքեր իսկապես կաշխատեն ստվերից դուրս, պատրաստ ենք համագործակցել»:
Նա նաև նշեց, որ ներկայիս պայմաններում առնվազն մեկ մլրդ դոլար ամեն տարի բյուջե չի մտնում: Խոսելով կուսակցության անդամների թվի մասին, նա ասաց, որ իրենք միշտ ներկայացրել են ռեալ թիվը. «Մենք մեր կուսակցության անդամների թվերը միշտ էլ հրապարակում ենք, ուրիշների նման չենք ճոխացնում, թե մենք 120 հազար ենք, 170 հազար ենք, 400.000 ենք, ախր բոլորը լավ հասկանում են է, հո միամիտ չի այս ժողովուրդը, վերջիվերջո ո՞վ է այս 400 հազարը: Ով մի հատ ակնոց է ստացել նվեր, ով ջեմի բանկա է ստացել, դա է 400 հազարը: Սա արդեն զավեշտ է»:
Արամ Սարգսյանը հավելեց, որ իրենք ոչ թե պիտի սովորեցնեն ժողովրդին մուրացկանության, այլ պիտի այդ վիճակից դուրս բերեն: Նա պետք է այդ ջեմի բանկան ինքնուրույն գնելու հնարավորություն ստանա, այլ ոչ թե ողորմություն տան և նա էլ սովորի դրան. «Էսօր ի՞նչ վիճակում է ժողովուրդը: Ասում են՝ ով էլ փող տա, կվերցնենք, բայց կքվեարկենք մեր ուզած մարդու օգտին: Ինքը ճիշտ է ասում, բայց հիշենք, որ մենք ենք այդ մարդուն այդ վիճակի հասցրել»,-իր խոսքը եզրափակեց Արամ Սարգսյանը:







































