Մայամիի «Մասթերս-1000» թենիսի տղամարդկանց մրցաշարի վերջին քառորդ եզրափակիչում հանդիպեցին աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը և իսպանացի Դավիդ Ֆերրերը:
Հանդիպման մեկնարկում թենիսիստները սկսեցին արագ և գեղեցիկ խաղ ցուցադրել, սակայն առաջին սեթի միջնամասում Ֆերրերի թույլ տված սխալը վճռեց սեթի ելքը. 6:2` հօգուտ Ջոկովիչի: Երկրորդ սեթում գործը հասավ թայ-բրեյքին, որում բացահայտ առավելությամբ հաղթեց սերբը: Հանդիպման վերջնական հաշիվն է 6:2, 7:6 (7:1):
Ջոկովիչը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կհանդիպի Խուան Մոնակոյին, ով իր հերթին քառորդ եզրափակիչում 6:1, 6:3 հաշվով հաղթել էր Մերդի Ֆիշին: Հանդիպումից հետո տված մամլո ասուլիսում Ջոկովիչը նշեց, որ Ֆերրերը կարծես պատնեշ լինի կորտում:
«Նա պատնեշ է: Կարողանում է պատասխանել բոլոր անհնարին հարվածներին: Ես պետք է ավելի ագրեսիվ գործեի, և հենց դա եղավ իմ հաղթաթուղթը»,- ասել է Ջոկովիչը:
Հիշեցնենք, որ Նովակը Մայամիի «Մասթերս-1000» մրցաշարի գործող չեմպիոնն է: Երկրորդ կիսաեզրափակիչում կհանդպեն Ռաֆայել Նադալը և Էնդի Մարեյը:






































