Մարտի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մի շարք պետական, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների մրցանակներ են հանձնվել 2011թ. մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ավանդի համար։
Մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է 4-րդ անգամ, կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Օգոստոսի 23, ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպությունը և «Զորավիգ» թերթը։ Մրցանակակիրներն ընտրվել են «Զորավիգ» թերթի 1350 ընթերցողների շրջանում անցկացված հարցումների արդյունքում։
«Լավագույն պատգամավոր» անվանակարգին արժանացել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Լավագույն պետական գործիչ» անվանակարգը շնորհվել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Լավագույն մարզպետը Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն է: Լավագույն հասարակական գործիչ է ճանաչվել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:
«Լավագույն արվեստագետ» անվանակարգում մրցանակ ստացավ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը: Լավագույն երիտասարդ արվեստագետը Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահ Արամ Սուքիասյանն է, լավագույն ռեկտորը՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, լավագույն քաղաքապետը՝ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, լավագույն գյուղապետը՝ Վարդենիկի գյուղապետ Հովհաննես Հովեյանը, լավագույն գործարարը՝ Ռոզա Ծառուկյանը:
Լավագույն քաղաքային դպրոցի տնօրեն է ճանաչվել Երևանի թիվ 153 ավագ դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը, լավագույն մարզային դպրոցի տնօրեն՝ Գորիսի թիվ 4 դպրոցի տնօրեն Արմինե Շեկունցը: Լավագույն լրագրող է ճանաչվել Հակոբ Սրապյանը, իսկ լավագույն հեռուստալրագրող՝ Հրաչ Մուրադյանը։
«Մենք պետք է կարողանանք միմյանց լսել, լսելն ամենամեծ արվեստն է, այդ արվեստով է, որ տարիներ շարունակ իմ թիմակիցներով ու կուսակիցներով պայքարել ենք։ Հասարակության մեջ մարդն ամենամեծ արժեքն է, որի իրավուքները պետք է պաշտպանված լինեն: Հակառակ դեպքում մենք միշտ կորուստներ կունենանք»,- ասաց Գալուստ Սահակյանը։
«Տարիներ շարունակ մեր քաղաքացիները և պետությունն իրենց դիտարկում էին զուգահեռ հարթություններում և շատ հազվադեպ էին խաչվում։ Մեծ աշխատանքի արդյունքում մենք յուրաքանչուրին պետք է հասկացնենք, որ քաղաքացին և պետությունը գտնվում են միևնույն հարթության մեջ, և այն անդունդը, որ երկար տարիներ գոյություն ուներ քաղաքացու և պետական պաշտոնյայի միջև, հետզհետե պետք է լցվի փոխադարձ հարգանքի վրա խարսխված քայլերով։ Մենք մոտենում ենք մեր քաղաքացուն։ Ես փորձում եմ շրջանցել բոլոր այն պատնեշները, որոնք բաժանում են մեզ մեր ուսուցիչներից, մանկավարժներից, աշակերտներից ու ուսանողներից»,- ասաց Արմեն Աշոտյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:








































