«Ցանկացած պահանջմունքի անբավարարություն ծնում է ագրեսիա: Սեռական ոչ լիարժեք բավարարումը ևս ծնում է ագրեսիա, որը դրսևորվում է ամենուր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը:
Ըստ նրա՝ սեռական անբավարարության հետևանքով մարդիկ ձեռք են բերում բնավորության տարբեր գծեր, օրինակ՝ աղջիկները հագնում են շատ կարճ շրջազգեստներ, վառ գույնի հագուստներ, տղաները նույնպես աչքի են ընկնում իրենց ակտիվ վարքով:
«Պատմական անձանցից շատերը նույնպես ունեին ոչ նորմալ սեռական վարք: Օրինակ՝ Հիտլերն ու Բերիան ունեին սեռական ոչ նորմալ հակումներ»:
Բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանի խոսքերով՝ մասնագիտությունը կապ չունի սեռական դրսևորման հետ, սակայն հիմնականում մշակութային ոլորտում աշխատողները սեքսուալ առանձնահատկություններ ունեն։
«Սեքսուալ կյանքում ունեցած խնդիրների լուծումը բարերար ազդեցություն է թողնում աշխատանքի վրա: Պետք է կարողանալ համատեղել աշխատանքն ու սեռական կյանքը»:







































