ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նախնական պայմանավորվածության համաձայն` Ալմաթիում կայացած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելուց հետո Արաբական Միացյալ Էմիրություններով Երևան վերադարձի ճանապարհին ՀՀ Ազգային ժողովի նախագահի ղեկավարած պատվիրակությունը մարտի 29-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մուհամմադ Ահմադ ալ-Մուրրի հետ:
ԱՄԷ Դաշնային խորհրդի նախագահը ողջունելով ՀՀ ԱԺ նախագահի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ հույս է հայտնել, որ այն իր նպաստը կունենա երկկողմ միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման գործում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար պարոն Նիկոյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը և բարձր է գնահատում ԱՄԷ հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային ու միջազգային խնդիրների նկատմամբ:
Փոխադարձ գոհունակություն է հայտնվել երկու երկրների միջև առկա հարաբերությունների մակարդակի կապակցությամբ, ընդգծվեց միջխորհրդարանական հարաբերությունների սերտացմանն ու հետագա խորացմանն ուղղված քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այս առումով ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը նշելով, որ Հայաստանում արդեն ձևավորված է ՀՀ-ԱՄԷ բարեկամության խումբ: Ի պատասխան, ԱՄԷ Դաշնային խորհրդի նախագահը հավաստիացրեց, որ իրենց Ազգային խորհրդում մոտ ապագայում բարեկամության այդպիսի խումբ կձևավորվի նաև Հայաստանի հետ: Մ. Ա. Մուրրը ևս շեշտել է միջխորհրդարանական շրջանակներում փոխայցելությունների և հանդիպումների կազմակերպման կարևորությունը, ինչը կնպաստի միջպետական հարաբերությունների հետագա խորացմանը:
Հատուկ կարևորվել է առևտրատնտեսական և զբոսաշրջության բնագավառներում հետագա համագործակցության խթանումը, ինչը կարևոր գործոն է ժողովուրդների միջև շփումների ակտիվացման և փոխվստահության ամրապնդման հարցում:
ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է նաև Հայաստանի տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերը և հույս հայտնել, որ էմիրաթական կողմն իր մասնակցությունը կունենա ծրագրերի իրականացման գործում, հատկապես, որ դրանց շնորհիվ Ծոցի տարածաշրջանի երկրները ամենակարճ ճանապարհով ելք կունենան դեպի Սև ծով և Եվրոպա:
Նիկոյանը ներկայացրել է նաև հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, անդրադարձավ տարածաշրջանի այլ խնդիրների:







































