Այսօր լրագրողներին հանդիպեց Հայաստան ժամանած հայազգի ամենահայտնի և գեղեցիկ մերկապարուհի Վարդանուշ Մարտիրոսյանը: Համաշխարհային ճանաչում ունեցող մերկապարուհին և ասուլիսին ներկա ուկրաինացի երգիչ Վիտալի Կոզլովսկին անդրադարձան իրենց ապագա ծրագրերին և պատասխանեցին լրագրողների հարցերին:
Ասուլիսի մեկնարկին Վարդան բոլորին ողջունեց իր մայրենի լեզվով: Նա նշեց, որ գիշերային ակումբներում պարելն իր աշխատանքն է, ուստի կպարի նաև Հայաստանում:
«Եթե կազմակերպիչները պայմանավորվեն բոլոր հարցերի շուրջ, ես համաձայն եմ»,- ասաց Վարդան:
Նա նշեց, որ իր հաղթանակը մրցույթներից մեկում շատ սկանդալային էր, քանի որ մասնակցել է Ռուսաստանի անունից, ոչ թե Ուկրաինայի:
«Սա գեղեցիկ սպորտաձև է, ոչ թե վուլգար աշխատանք: Ես պրիվատ պարեր չեմ պարում: Ներկայացնում եմ ծրագիր, երգում եմ և պարում, իսկ հոնորարներով զբաղվում է իմ մենեջերը»,- մեկնաբանեց հայտնի մերկապարուհին՝ հավելելով, որ այն, ինչով հիմա զբաղվում է, երազել է հինգ տարի առաջ, իսկ հիմա երազում է ստանալ Օսկար, քանի որ, նրա համոզմամբ, արտիստին դերասանի աշխատանքը նույնպես կատարելագործում է:
Հիշեցնենք, որ Վարդանուշ Մարտիրոսյանը Հայաստանում է LUXURY ամսագրի հրավերով:
Տեղեկացնենք, որ Վարդանուշ Մարտիրոսյանը ծնվել է 1985թ.մարտի 3-ին Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում: Նրա առաջին մեծ հաջողությունը Ուկրաինայի մերկապարի 2004 թ. մրցույթում հաղթանակն էր: Հաջորդ տարի նա հաղթել է Ոսկե պիլոն միջազգային մրցույթում: Հայտնի մերկապարուհին արժանացել է նաև «Միսս Pole-Dance Ռուսաստան 2009» տիտղոսին: Միաժամանակ նա զբաղվում է նաև երգարվեստով:








































