Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում հետ վերցնել Իրանի դեմ ներկայացրած իրենց հայցը.
«Թուրքիան Իրանի դեմ դիմել է Միջազգային միջնորդ դատարանի, որպեսզի վիճարկի այդ երկրից ներկրվող գազի գինը և չի պատրաստվում փոխել իր այդ որոշումը: Ներկայիս դրությամբ՝ այդ հարցում որևէ փոփոխություն չկա, դրա համար էլ մենք չենք մտածում հայցը հետ վերցնելու մասին: Եթե Թուրքիան Իրանից ստանա գազի գնի վերաբերյալ որևէ առաջարկ, ապա անպայմանորեն կդիտարկի այն»:
Հիշեցնենք, որ Թուրքիան իր համար ամենաէժան գազը ներկրում է Ադրբեջանից, իսկ ամենաթանկը՝ Իրանից: Մասնավորապես, 2011 թվականին Թուրքիան Ադրբեջանից ներկրած 1000 խորանարդ մետր գազի համար վճարել է 282 դոլար: Մինչդեռ ռուսական գազի պարագայում այդ ցուցանիշը կազմում է 418 դոլար, իսկ իրանական գազի պարագայում՝ 423 դոլար: Թուրքիայի թիվ մեկ գազամատակարար երկիրը Ռուսաստանն է, ապա հաջորդում են Իրանն ու Ադրբեջանը:







































