Իտալիայի ֆինանսական գվարդիան առգրավել է ավելի քան 1.1 միլիարդ եվրո արժողությամբ ակտիվներ, որոնք պատկանել են Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիին: Այս մասին հաղորդում են իտալական լրատվամիջոցները:
Բանկային հաշիվների, ընկերություններում ունեցած բաժնետոմսերի, անշարժ և այլ տեսակի գույքի ձերբակալությունը տեղի է ունեցել Հաագայի միջազգային դատարանի պահանջով: Այդ ակտիվներից են իտալական Unicredit բանկում ունեցած 1.25 % բաժնեմասը, որը համարժեք է 611 միլիոն եվրոյի, Eni էներգետիկ ընկերության 0,58 % բաժնեմասը` 4006 միլիոն եվրո, Fiat ավտոմոբիլային ընկերության 0,33 % բաժնեմասը` 53 միլիոն եվրո արժողությամբ, ինչպես նաև «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբում ունեցած ակտիվները:
Հիշեցնենք, որ Լիբիայում անցած տարի սկսված ապստամբությունից հետո այդ երկիրը 42 տարի ղեկավարած Մուամար Քադաֆին հեռացվեց իշխանությունից, իսկ հոկտեմբերին սպանվեց ռազմական օպերացիայի ժամանակ:







































