Սերժ Սարգսյանը Սեուլում մասնակցելով միջուկային անվտանգության գագաթնաժողովին՝ այնտեղից պետական այցով ժամանել է Սինգապուր: Սինգապուրը բավական հետաքրքիր երկիր է՝ իր տնտեսական և քաղաքակրթական նվաճումներով: Դրանք արձանագրվել են բացարձակ կոռուպցիոն «ելակետից»: Այսինքն՝ Սինգապուրը Հայաստանից թերևս ոչ պակաս կոռումպացված, կառավարման արատավոր ճահճի մեջ խրված մի պետություն էր, որը, սակայն, կարճ ժամանակում կարողացավ քաղաքական կամքի շնորհիվ դուրս գալ այդ վիճակից և էապես փոխվել:
Այդ առումով Սինգապուրը Հայաստանի համար կարող է շատ ուսանելի լինել, եթե, իհարկե, Հայաստանն ունի սովորելու կամք, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանին հետաքրքիր է, թե ինչպես է Սինգապուրը դարձել տնտեսական հրաշքի երկրներից մեկը: Թեև այստեղ գաղտնիք չկա. բանաձևը դեռևս Երևանում, ամիսներ առաջ, բացահայտել էր Սինգապուրի Ավագ նախարար, սինգապուրյան հրաշքի հայր Լի Կվան Յուն: Նա Երևանում հայտարարեց, որ տնտեսական առաջընթացի համար նախ՝ պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, ընդ որում՝ ամենավերին իշխանական մակարդակում: Կարծես թե նույնիսկ ակնհայտ է, որ այդ պարզ իրողությունն ինքնին հասկանալի է նաև առանց Սինգապուրի էլ:
Կարո՞ղ է արդյոք Սերժ Սարգսյանը նախաձեռնել կոռուպցիայի դեմ այդպիսի պայքար: Դա նշանակում է արմատական գործողություններ իշխանական վերնախավում, դա նշանակում է կառավարման համակարգի կադրային ամբողջական վերանայում, դա նշանակում է լրջագույն հետաքննություններ երկրի տնտեսության ոլորտում, որտեղ բարձրաստիճան պետական պաշտոնյաները ներքաշված են բիզնես-գործընթացների մեջ, իսկ բիզնեսն էլ դարձել է իշխանության անբաժանելի մասը: Բայց այդ ամենի համար նախ և առաջ անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանն ինքը լինի այդ մեխանիզմից, համակարգային այդ սերտաճածությունից դուրս: Իսկ դո՞ւրս է արդյոք Սերժ Սարգսյանը: Եթե այո, ապա ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում չեն ձեռնարկվում այդ հեղափոխական քայլերն իշխանության ներսում: Չէ՞ որ առանց դրանց՝ համակարգային դիմադրողականությունը միշտ էլ ավելի ուժեղ է լինելու, այսպես ասած, փուլային վերափոխումների քաղաքականությունից, լինելու է ավելի ագրեսիվ:
Ի դեպ, Հայաստանի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ՝ իշխանական ցուցակները վկայում են հենց այդ մասին՝ փուլային վերափոխման մարտավարությունը դատապարտված է անհաջողության, և մեծ է ռիսկը, որ երկիրն այդպես շատ արագ է մաշվելու, իսկ արատավոր համակարգի հաղթանակն էլ լինելու է ավելի ու ավելի անշրջելի: Դրա համար կամային, անշրջելի ռեֆորմները Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն են՝ ոչ թե ռոմանտիզմ, այլ պրագմատիկ հաշվարկ, ռացիոնալ անհրաժեշտություն: Վկան սինգապուրյան հրաշքն է, նաև կորեական հրաշքը, որին սեուլյան գագաթնաժողովի ընթացքում թերևս ականատես է եղել Սերժ Սարգսյանը: Մինչև ամենանուրբ հյուսվածքները կոռումպացված համակարգերում վերափոխումների փուլային տարբերակը անհեռանկար է: Սինգապուրում և Հարավային Կորեայում հստակ գիտակցել են այդ հանգամանքը, և մենք, նաև աշխարհը, տեսնում ենք այդ գիտակցության արդյունքը: Իսկ ի՞նչ արդյունք են ունենալու սինգապուրյան և կորեական այցերը Սերժ Սարգսյանի գիտակցության վրա:








































