Ուժեղ անտառային հրդեհները ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում ոչնչացրել են 1,2 հա անտառ և ավելի քան 15 բնակելի տուն: Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունների ներկայացուցիչները, նախնական տվյալներով՝ աղետի հետևանքով մահացել է մեկ մարդ: Աղետի գոտուց տարհանվել են շուրջ 900 տների բնակիչներ։
Հրշեջներին դեռևս չի հաջողվում իրադրությունն իրենց ձեռքը վերցնել, քանի որ կրակի տարածմանը նպաստում է ուժեղ քամին, որի արագությունը հասնում է 60 կմ/ժ-ի, և գարնանային եղանակին ոչ բնորոշ չորությունը:
Ներկա դրությամբ հրդեհը գտնվում է նահանգի մայրաքաղաք Դենվերից 40 կմ հեռավորության վրա և քիչ–քիչ հեռանում է։
Երկուշաբթի օրը կրակի տարածումը փորձել են կանգնեցնել գրեթե 100 հրշեջներ, բայց նրանք ստիպված են եղել նահանջել: Այսօր նրանց օգնության է գալիս ևս 450 մարդ: Կրակի դեմ պայքարելու համար ժամանել է նաև ավիացիա, բայց դեռևս պարզ չէ, թե ուժեղ քամու պատճառով այն կկարողանա՞ օդ բարձրանալ:
Ինչպես հաղորդում են իշխանությունները, անցած ուրբաթ օրն անտառային ծառայություններն աղետի գոտում աշխատանքներ են տարել՝ ամռանը հրդեհի առաջացման վտանգը նվազեցնելու համար, սակայն ուժեղ քամու պատճառով կրակը կանգնեցնել չի հաջողվել:








































