«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, իբրև նոր ուժ, գալիս է ասպարեզ`Հայաստանին ճշմարտություն բերելու. այսօրվա մամուլի ասուլիսում ասաց կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
«Այդ ճշմարտությունն այնտեղ է, ուր պետք է հոգալ մարդկանց առողջապահական խնդիրները, այդ ճշմարտությունը մարդու իրավունքների պաշտպանության մեջ է, այդ ճշմարտությունը Երևանի կեղտոտ փողոցները մաքրելու մեջ է ու Մաշտոցի այգում: Թե չէ՝ մինչև հիմա միայն խոսակցություններ ենք լսում»,- ասաց նա` միաժամանակ ավելացնելով, որ իշխանական մոնոլիտը ճաք է տալիս, ինչը բազմակարծության շատ լավ նշան է:
Սեդրակյանը նաև տեղեկացրեց, որ «Ազատ դեմոկրատներ»-ը, միավորվելով «Ժառանգության» հետ, այս ընտրություններին թիվ 4 ընտրատարածքում սատարելու է ժառանգական պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: «Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք վատ ենք վերաբերվելու նույն ընտրատարածքում առաջադրված Սաթիկ Սեյրանյանին: Նա, ճիշտ է, իշխանության ներկայացուցիչ չէ, բայց բնական է, որ սատարելու ենք Փոստանջյանին»:
Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն իր հերթին նշեց, որ իր կուսակցությունը հարգալից է վերաբերվում քաղաքական բոլոր մյուս ուժերին և նրանց հավասար մրցակիցներ համարում: «ՀՀԿ-ի առաջնային խնդիրը Հայաստանի հզորացումն է և քաղաքացու արժանապատիվ կյանքի ապահովումը, և վայ այն քաղաքական թիմին, որն առավելագույնի չի ձգտելու»,- ասաց նա:
Հարցին` համաձայն չէ՞, որ առաջիկա ընտրություններին պայքարը ծավալվելու է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև, Այվազյանը նկատեց՝ դա ամենևին էլ այդպես չէ: «Պետք է լուրջ վերաբերվել նաև ՕԵԿ-ին: Նա, հակառակ կարծիքներին, ՀՀԿ-ի կցորդը չէ»,- նշեց խորհրդարանականը:








































