Բելգիական Գենտ քաղաքի դատախազությունը սկսել է ծառայողական հետաքննություն՝ կապված այն դեպքի հետ, որ գերատեսչության աշխատակիցներից մեկը մերկ աղջիկների մասնակցությամբ էրոտիկ բնույթի լուսանկարահանումներ է կազմակերպել արդարադատության քաղաքային պալատում: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, մոդելները, որոնց հագին, բացի պորտի փիրսինգից, ուրիշ ոչինչ չի եղել, նկարահանվել են նույնիսկ շենքի հսկայական պատուհանի մոտ, որի վկան եղել են նրանք, ովքեր այդ ժամանակ անցել են քաղաքի գլխավոր փողոցներից մեկով: Այդ լուսանկարներն առաջին անգամ կհրապարակի բելգիական Nieuwsblad կայքը:
Դատախազության վրդովմունքի պատճառ է հանդիսացել հատկապես այն փաստը, որ աղջիկներից մեկը լուսանկարվել է կաշվե բազկաթոռի վրա։
«Մերկ աղջիկմները մեր արդարադատության պալատում գործ չունեն, մենք այդ մասին հայտարարում ենք կտրուկ»,- նշվում է գերատեսչության կողմից տարածված հայտարարությունում:
Նկարահանումների հեղինակին հրամայված է բացատրական գրություն ներկայացնել:
Նշենք, որ նախկինում էլ Եվրոպայում բացահայտվել են պետական, հոգևոր հաստատություններում էրոտիկ բնույթի նկարահանումներ անցկացնելու դեպքեր:
Օրինակ` 2010 թ. ամռանը հայտնաբերվել է, որ Լոնդոնի հիվանդանոցներից մեկի ղեկավարությունը հիվանդասենյակները երեկոյան վարձով հատկացրել է «մեծերի համար» նախատեսված ֆիլմերի նկարահանման համար:
Այս ամենից զերծ չեն մնացել անգամ սրբավայրերը։ Այսպես, 2003 թ. իտալացի կինեմատոգրաֆիստները սեռական բնույթի կադրեր են նկարահանել Սուրբ Վինչենցոյի տաճարում: Նրանք նկարահանելու թույլտվություն խնդրելիս չէին նշել, թե կոնկրետ ինչ բնույթի նկարահանում են պատրաստվում իրականացնել: Բացահայտումից հետո ամբողջ նկարահանված նյութը բռնագրավել են, իսկ նկարահանող խմբի նկատմամբ քրեական գործ են հարուցել:
2004 թ. Հոնգկոնգի օդանավակայանի ղեկավարությունը փորձում էր պարզել, թե ինչպես է ճապոնացի ռեժիսորին հաջողվել պոռնոֆիլմ նկարահանել հենց օդանավակայանի թռիչքների սրահում: Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, 60 րոպեանոց ֆիլմը սկսվում էր մերկ աղջկա պատկերող կադրերով, որում աղջիկը գայթակղիչ դիրքեր էր ընդունում հենց օդանավակայանի անձնակազմի ներկայությամբ: Ֆիլմը կոչվում էր «Ճանապարհորդություն Հոնգկոնգով»:










































