Մաշտոցի պուրակի «պաշտպանության» խումբը շարունակում է պայքարը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպանական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը`խոսելով պայքարի հետագա անելիքների շուրջ:
Նա նշեց, որ շարունակելով իրականացնել քաղաքացիական արդար դատարանի վճիռը, տասնօրյա ժամկետում փորձում են բարեկարգել այգին: «Եթե ձևավորվի մի խումբ, որը ցանկանա ապամոնտաժել կրպակները, թող այդպես լինի: Գուցե կան մարդիկ, որ իրենց պայքարն այդ ձևով են տեսնում: Մեր պայքարը բաց է, և կարող են միանալ նրանք, ովքեր նման ցանկություն ունեն»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցների հրապարակումների համաձայն` հասարակության շրջանում մի խումբ է ձևավորվել, որը կապամոնտաժի պուրակի կրպակները: Այս մասին պուրակի պաշտպանները ոչինչ չգիտեն, բայց պատրաստ են միանալ: