Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման նոր զարգացումներին՝ նշեց, որ ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ փորձել է փոխել խնդրի ձևաչափը, նույնիսկ փորձ է կատարել հարցը տեղափոխել ՄԱԿ, որը ձախողվել է. «Այս անգամ ադրբեջանական կողմն օգտագործում է ԵՄ կառույցների իր համակիրներին: Որպեսզի բանակցություններում ԵՄ-ն փոխարինի Ֆրանսիային»: Սակայն վերջինիս հավաստմամբ՝ խնդրի լուծումը կախված է ոչ թե ձևաչափից, այլ խնդրի ձևակերպումից. «Սկզբունքորեն հարցի լուծումը ձևաչափից չէ, որ կախված է: Ինչպիսի ձևաչափով էլ ընթանան բանակցությունները, դրանց հաջողությունը կախված կլինի խնդրի ձևակերպումից, թե ինչպիսի փաստարկների հիման վրա է խնդիրը դրվում քննարկման կամ մտնում բանակցային օրակարգ»:
Քաղաքագետը նաև նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ Ադրբեջանը փորձում է հարմար տանիք գտնել՝ հարցն իր օգտին լուծելու համար: Բայց բանակցությունները որտեղ էլ ընթանան՝ միջնորդները խնդիր լուծելու առաջադրանք չեն ստանում. «Մեծ իմաստով ենթադրվում է, որ միջնորդները պետք է չեզոք լինեն, և նրանց առաքելությունը զուտ խորհրդատվական բնույթ ունի: Բայց այսօր շատ դժվար է գտնել չեզոք միջնորդներ»:
Նրա հավաստմամբ՝ գլխավոր խնդիրն է միջնորդներին ներկայացնել մի այնպիսի փաստաթուղթ, որը համապատասխանի հակամարտության բնույթին, պատմությանը, կողմերի դիրքորոշումներին, ոչ թե հօգուտ որևէ կողմի, այլ հօգուտ միջազգային բարձր սկզբունքների. «Մինչ օրս գրեթե բոլոր առաջարկությունների հիմքում ընկած են եղել երկու կարևոր սկզբունքներ՝ տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման: Դրանց միջև Մինսկի խումբը դրել է հավասարության նշան, իբր դրանք անառարկելի են, և ոչ մի վիճելի հարց չկա դրանցում»:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանը նույնիսկ փորձում է դուրս մղել բանակցային գործընթացից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Բայց դա նրանց չի հաջողվում. «Համանախագահները, միջնորդները հաճախ Ստեփանակերտից են սկսում այցելությունները, հետո միայն գնում Բաքու կամ Երևան, կամ էլ Բաքու և Երևան գնալուց հետո անպայման այցելում են Ստեփանակերտ՝ ցույց տալով, որ հակամարտության կողմերը երկուսը չեն: Ադրբեջանը ակնհայտ խուսափում է բանակցել հակամարտության անմիջական կողմի հետ, իսկ ՀՀ-ն այդ հակամարտության անմիջական կողմ չէ»:
Ալեքսանդր Մանասյանը վերջում կարևորեց քաղաքական բանաձևումներ տալու կարևորությունը: Անդրադառնալով «Եվրատեսիլին» չմասնակցելու հայտարարություններին՝ նա նշեց, որ շատ կազմակերպություններ ներկայացրել են խղճուկ փաստարկներ. «Փոխանակ ասեն՝ մենք չենք գնա այնտեղ, որտեղ տեղի է ունեցել Բաքվի ցեղասպանությունը, նշում են այնտեղ երաշխավորված չէ մեր անվտանգությունը կամ անհարմար ենք զգում»:







































