Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ քննարկումները գրեթե հանդարտվել են մեզանում և Ֆրանսիայում, սակայն Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն այսուհետ էլ ակտիվ քննարկումների դաշտում կլինի այս անգամ` Միացյալ Նահանգներում:
Որևէ մեկի համար նորություն չէ, որ ամեն տարի Ցեղասպանության տարելիցի՝ ապրիլի 24-ին նախորդող շաբաթներին այս հարցն էլ ավելի է սրվում և մասնավորապես բոլորի ուշադրությունը սևեռված է ԱՄՆ-ի և ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ելույթի վրա, թե արդյոք այս անգամ կասի՞ ԱՄՆ նախագահը ցեղասպանություն բառը: Նկատենք, որ անցյալ տարվա Օբամայի ելույթին շատերն էին սպասում և մինչ այդ էլ տարբեր կարծիքներ էին հնչում, սակայն նա անցած տարի էլ չարտասանեց «ցեղասպանություն» բառը և դրա փոխարեն ասաց «Մեծ Եղեռն»: Սա, իհարկե, բողոքի տեղիք տվեց թե ամերիկահայերի շրջանում, որոնք հույս ունեին, որ Օբաման կկատարի իր նախընտրական խոստումը, թե թուրքերին, որոնք էլ խոցվել էին «Մեծ Եղեռն» եզրույթից: Իսկ ահա 2010թ. մեծ քննարկման արժանացավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևը, որն, ինչպես հայտնի է, չհասավ իր վերջնական նպատակին:
Եվ ահա այս տարի, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին ընդառաջ Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն ու Իլինոյսը ներկայացնող հանրապետական Մարկ Քըրքը երեկ պաշտոնապես Միացյալ Նահանգների Սենատին են ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցով նոր բանաձևի նախագիծը, և արդեն յոթ սենատոր միացել է նախագծին, իսկ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի ղեկավար Չարլզ Շումերը համաձայնել է դառնալ օրինագծի հովանավորներից մեկը:
Բանաձևի համահեղինակ սենատոր Մենենդեսն ասել է, թե ժամանակն է, որ Միացյալ Նահանգները միանա այն 19 երկրներին, ներառյալ` Բելգիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան և Եվրամիությունը, որոնք Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին տեղի ունեցած իրադարձությունները պաշտոնապես ճանաչել են որպես ցեղասպանություն. «Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և համապատասխանում է ցեղասպանության մասին կոնվենցիայի նկարագրին: Միայն անցյալի հանցագործությունները հստակ ճանաչելու միջոցով կարող ենք օրինական եղանակով առաջ շարժվելու և ապագայում մարդու իրավունքների դեմ նման հանցագործությունները կանխելու հույս ունենալ»:
Իսկ բանաձևի մյուս հեղինակը՝ սենատոր Քըրքը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը փաստաթղթերով ապացուցված է, և այն պաշտոնապես ճանաչել են ՆԱՏՕ-ի անդամ 11 երկրներ, ինչպես նաև Եվրամիությունը. «Այս նախագիծը ճշգրտորեն բնորոշում է 1915-23 թվականների իրադարձությունները որպես ցեղասպանություն, հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակին, ուժեղացնում Միացյալ Նահանգների առաջնորդությունը մարդու իրավունքների ոլորտում և կանխում զանգվածային չարագործությունները ամբողջ աշխարհում»:
Ի դեպ, բանաձևի նախագծի քննարկումների առաջին փուլը լինելու է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ բանաձևի համահեղինակ սենատոր Մենենդեսը ենթահանձնաժողովներից մեկի ղեկավարն է, իսկ հանձնաժողովի նախագահը Ջոն Քերին է, որը ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու է եղել և միշտ խոսել է Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:
Նկատենք, որ Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին ԱՄՆ Սենատում նման բանաձևերն արդեն նորություն չեն, և կարծես արդեն բնական է դարձել, որ այն պետք է բարձրաձայնվի, դրան հաջորդի թուրքական հիստերիան, հետո քաղաքական այս կամ այն շահերի կշռումը ու վերջում նորից հայտնվենք կոտրած տաշտակի առջև: Թերևս, այս անգամն էլ բացառություն չէ և արդեն իսկ նկատելի է, որ նման բանաձևերն այլևս այն ոգևորությունը չեն առաջացնում հայերի մեջ, ինչ նախկինները:
Այս նոր բանաձևին և ընդհանրապես պարբերական դարձած այդ երևույթին անդրադառնալով, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր համար Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված պարբերաբար կրկնվող գործընթացը պայքար է շահի և բարոյականության միջև: Դարբինյանի գնահատմամբ՝ չափազանց կարևոր է, որ այս հարցը դիտարկվի ոչ թե նեղ ազգային տեսանկյունից, այլ համամարդկային արժեքների համատեքստում. «Կարծես այս անգամ, ի տարբերություն նախորդ 252 բանաձևի, այդ մոտեցումն ընդգծված է»:
Արմինա Դարբինյանը նկատեց, որ ցանկացած պարագայում հարգանքի է արժանի կոնգրեսականների հետևողական գործելաոճը, ինչն էլ վկայում է խնդրի կարևորության և արդիականության մասին: Ինչ վերաբերում է հարցին, թե այս անգամ ինչ ճակատագիր կունենա Սենատին ներկայացված նոր բանաձևը, Դարբինյանը պատասխանեց. «Եթե անգամ այս բանաձևի քննարկումներին էլ հետևեն թուրքական պաշտոնյաների ծայրահեղ հիստերիկ արձագանքները, պետքարտուղարության զգույշ և անսկզբունքային ընդգծված դիվանագիտական ձևակերպումները կամ Միացյալ Նահանգների նախագահի տարօրինակ հիշողության խանգարումները ավանդական ապրիլքսանչորսյան ուղերձում` արդարությունը, միևնույն է, հաղթանակելու է, դա զուտ ժամանակի հարց է»:
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Սենատի միջոցով բանաձևի ընդունման որոշումը պատկանում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջոն Քերիին, որը երկար տարիներ պայքարում է Հայոց ցեղասպանության հարցում արդարության և ճշմարտության հասնելու ուղղությամբ: Համբարյանի դիտարկմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քերին հանձնաժողովի նախագահ է, իսկ Մենենդեսը` Սենատի ենթահանձնաժողովներից մեկի նախագահը, ապա դա էականորեն կազդի Սենատում բանաձևի ընդունման գործընթացի վրա: Հարցին, թե առաջիկայում սպասվելիք ԱՄՆ նախագահական ընտրությունների հանգամանքն ինչքանով կազդի բանաձևի ընդունման գործընթացի վրա, ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը պատասխանեց. «Երբեք ուշ չէ, որ Կոնգրեսը ճիշտ քայլ անի: Իհարկե, ընտրական տարիներին օրենսդիրները ավելի մեծ ուշադրություն են դարձնում իրենց ընտրողների կարծիքին, և հետևաբար, ավելի հավանական է, որ ոտքի կանգնեն Անկարայում և Վաշինգտոնում նրանց աջակիցների դեմ` ստիպելու համար, որ ԱՄՆ-ն չլռի մարդու իրավունքների այս խնդրում: Հիմա մի քանի պատճառներով հիանալի ժամանակ է, որպեսզի ԱՄՆ Սենատը մերժի Թուրքիայի ճնշումները»:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևի նկատմամբ Օբամայի դիրքորոշմանը, Համբարյանը նշեց, որ դատելով Օբամայի այս տարիներին վարած քաղաքականությունից, պետք չէ վստահ լինել, որ նա կաջակցի այդ բանաձևին. «Նրա վարչակազմը կանխեց ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը 2010թ.: Ինչևէ, մենք հույս ունենք, որ Օբաման, ի վերջո, դեմ կկանգնի Թուրքիայի սպառնալիքներին և կկատարի իր խոստումը` ընդունելով Հայոց ցեղասպանությունը»:
Ինչևէ, ժամանակից առաջ չընկնենք և սպասենք, թե ինչ նոր զարգացումներ կլինեն ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, սակայն պատմությունը թույլ է տալիս կարծելու, որ, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ պարզապես կշահարկվի այս հարցն, ու վերջ: Մյուս կողմից էլ ԱՄՆ-ում նոյեմբերին նախագահի ընտրություններ են, և բնական է, որ Հայոց ցեղասպանության հարցը տարաբնույթ կերպ է շահարկվելու, և շահարկողներից յուրաքանչյուրը փորձելու է իր օգտին միավորներ հավաքել:
«Ժամանակ»








































