Ըստ քաղտեխնոլոգ, PR մասնագետ Կարեն Քոչարյանի՝ ՀՀԿ-ն իր ներկայացրած ցուցակով շատերին է հիասթափեցրել, այդ թվում՝ իրեն. «Սկսած համամասնական ցուցակի 15-րդ տեղից` ցուցակում հայտնվածների անուններում տեսնում ենք խնդիրներ: Երկու-երեք տարի ասում էին, որ պետք է երիտասարդացնեն, օլիգարխներ չլինեն, նմուշի համար՝ գոնե տառաճանաչ մարդիկ լինեն»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղտեխնոլոգը կարծիք հայտնեց, որ Հանրապետականի ցուցակին այսօր նայելով` ՀՀԿ-ից սպասումներն ամենևին էլ արդարացված չեն. «Ավելի շատ Հանրապետականը իրեն նսեմացնում է և կորցնում` բերելով արդեն մաշված դեմքերի»։
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը ՀՀԿ-ի ցուցակում մի քանի հայտնիների ներառումը նորմալ է համարում: Նա ՀՀԿ-ի ցուցակում տեսնում է որոշակի երիտասարդացում, քաղաքական հենարան:
Անդրադառնալով ԲՀԿ-ի համամասնական ցուցակին` Կ. Քոչարյանը հայտնեց. «Փորձ էր արվում քաղաքականացնել մի կուսակցություն, որը քաղաքական չէր` դա արվել է Գուրգեն Արսենյանի, Հմայակ Հովհաննիսյանի, այլոց միջոցով: Որպես քաղաքական դեմքեր՝ նրանք ծանոթ են, հանրաճանաչ, այլ հարց է` դա պլյո՞ւս է բերում, թե՞ մինուս»:








































