Անկուսակցական նախարարների անդամագրումը Հանրապետական կուսակցությանը վերջին շրջանում պարտադիր երևույթ է դարձել, և բոլորն էլ, ՀՀԿ-ական դառնալով, նշում են, թե այդ կուսակցության գաղափարախոսությունն իրենց հոգեհարազատ է: Արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը ասաց, որ իր ներկայիս օրակարգում նման հարց դրված չէ. «Քաղաքական իշխանություններն իմ առջև նման պայման կամ պահանջ չեն դրել»: Սակայն Թովմասյանը նշեց, որ նժդեհյան գաղափարախոսությունն իրեն հոգեհարազատ է:
Անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության խնդրին՝ Հրայր Թովմասյանն ասաց, որ իրավական տեսանկյունից քաղբանտարկյալ տերմին չկա: Ըստ նախարարի` Հայաստանում չկան նաև քաղաքական հայացքների համար դատապարտված անձինք. «Ես չեմ ասել, որ այդ մարդիկ քրեական հանցանքների համար են դատապարտվել, դա դատարանն է ասել: Ես իրավաբան եմ և պարտավոր եմ հարգել դատարանի որոշումը: Կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, կա նաև եվրոպական դատարան` սպասենք, կտեսնենք: Դուք ուզում եք, որ ես մեկնաբանեմ Վճռաբեկ դատարանի որոշո՞ւմը… Ես նման պարտականություն և լիազորություն չունեմ»,- հավելեց Թովմասյանը:








































