«Թուլուզի հրաձիգ» Մուհամմադ Մերան սպանվել է դիպուկահարի կողմից գլխին ստացած գնդակից, երբ փորձել է ցած նետվել պատուհանից: Այպիսի հայտարարություն է արել Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, երբ ոստիկանները մտել են նրա տուն, նա համառ դիմադրություն է ցույց տվել: Ըստ ոստիկանության տվյալների՝ հանցագործը նրանց ուղղությամբ արձակել է առնվազն 30 գնդակ: Երկու հատուկջոկատայիններ վիրավորվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կոդ Գեանը հայտարարել էր, որ Մերան մահացել է պատուհանից ցած նետվելով:
Հիշեցնենք. 24-ամյա Մուհամմադ Մերան մեղադրվում է Թուլուզում 7 մարդու (այդ թվում՝ 3 երեխայի) սպանության մեջ: Նրա տան վրա ոստիկանության գրոհը շարունակվել է 32 ժամ:








































