Երրորդ սերնդի նոր iPad-ի պլանշետի ջերմաստիճանը համապատասխանում է սահմանված նորմերին. այս մասին հայտարարել է Apple-ի ներկայացուցիչ Թրուդի Մյուլլերը All Things Digital պարբերականին տված հարցազրույցում:
Հայտարարությունն արվել է օգտագործողների՝ պլանշետի տաքացման բողոքների հետ կապված: Այս մասին առաջին տեղեկությունները հայտնվել էին դեռ վաճառքի օրը՝ մարտի 16-ին, Apple-ի ֆորումում:
Օգտագործողները գրում էին, որ պլանշետը կես ժամ օգտագործելուց հետո չափից շատ է տաքանում, ավելի շատ, քան նախորդ iPad2-ը: Որոշ մարդիկ անգամ պնդում են, որ երբ սարքը շատ է տաքանում, այն դադարում է աշխատել, մինչև որ հասնի նորմալ ջերմաստիճանի: Սա կարող է դժվարացնել պլանշետի օգտագործումը տաք երկրներում:
Այս կապակցությամբ իրենց հետազոտություններն են անցկացրել Consumer Reports-ը և Tweakers.net-ը:
Consumer Reports-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ նոր iPad-ը կարող է տաքանալ մինչև 46 աստիճան, իսկ նախորդ iPad2-ը՝ մինչև 40 աստճան:
Իսկ ըստ Tweakers.net-ի՝ iPad2-ը կարող է տաքանալ մինչև 28.3 աստիճան, իսկ նորը՝ 33.6:
Consumer Reports-ի հետազոտողները հայտարարել են, որ նոր iPad-ը «շատ տաք է», սակայն միևնույն ժամանակ նշել են, որ պլանշետի ջերմաստիճանը անհարմարություններ չի պատճառում, եթե «սարքավորումը երկար ժամանակ ձեռքում չպահես»:
Հիշեցնենք, որ երրորդ սերնդի նոր iPad պլանշետային համակարգիչը պաշտոնապես ներկայացվել էր մարտի 7-ին և մարտի 16-ին Apple ընկերությունը սկսել է նրա վաճառքը:
Այս նոր iPad-ը մյուսներից առանձնանում է իր էկրանի որոնման բարձր հնարավորությամբ: