ՀՅԴ համամասնական ցուցակի կազմման գործընթացը բավական երկար է տևել՝ պայմանավորված տակտիկական հաշվարկներով. այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
«Բյուրոյից ցուցակում լինելու է միայն մեկ մարդ՝ դա ես եմ: Համամասնականում շատ են անծանոթ, երիտասարդ անունները: Ընդ որում, ցանկը դիտարկելիս պետք է հաշվի առնել, որ մարդիկ տեղակայված են ըստ աշխատանքային ճակատի ու արժեքի: Միաժամանակ կան դաշնակցական պատգամավորներ, որոնց անունները ցուցակում ընդգրկված չեն: Բայց նրանց էլ ՀՅԴ-ն այլ ոլորտներում է լուրջ աշխատանքներ հանձնարարել, օրինակ՝ Հրայր Կարապետյանին, Հրանտ Մարգարյանին և այլն»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս Արմեն Ռուստամյանը նկատեց, որ ՀՅԴ-ն այս ընտրություններին գնում է իր քաղաքական նպատակներն իրականացնելու հստակ տրամաբանությամբ: «ՀՅԴ-ն մտադիր է հասնել համակարգային փոփոխությունների՝ ընդհուպ մինչև իշխանափոխության: Մեր ծրագրային դրույթները երաշխավորելու են երկրի նորմալ զարգացումը»,- նշեց նա:
Արտյուշա Շահբազյանն էլ նշեց, որ ՀՅԴ ցանկը չպետք է դիտարկել որպես վարկանիշային: «Ընտրվել է մի ցանկ, որը կարող է այս խորհրդարանում իր ուսերին լավ աշխատանք տանել: Մենք բավական հավակնոտ, բայց միաժամանակ իրատեսական նախընտրական ծրագիր ենք առաջարկում»,- նկատեց դաշնակցական գործիչը:








































