Վաղը լրանում է Մաշտոցի պուրակի «պաշտպանության» 40-րդ օրը: Արդեն 40 օր է, ինչ «Մեր քաղաքը», «Մենք ենք այս քաղաքի տերը», «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունների անդամները Մաշտոցի պուրակում իրենց բողոքն են հայտնում տեղադրված կրպակների վերաբերյալ: Վաղը ակտիվիստները կկազմակերպեն մի շարք միջոցառումներ: Անցած 40 օրերի խրոնիկան կներկայացվի ֆոտոցուցահանդեսի միջոցով: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը: Նա նշեց, որ կլինեն այլ միջոցառումներ ևս, որոնցից հստակ որոշված է միայն ֆոտոցուցահանդեսը:
Անդրադառնալով օրեր առաջ Մաշտոցի պուրակում Հանրային Քաղաքացիական դատարանի կայացրած այն վճռին, թե պետք է կրպակներն ապամոնտաժել 10-օրյա ժամկետում, պատասխանեց, որ այն պետք է իրականացվի քաղաքացիական հասարակության, հանրության ջանքերով: «Ոչ թե դա կոնկրետ պետք է լինի որևէ ակտիվիստի գործողությունը, այլ հանրության համապատասխան մեխանիզմով արված գործողությունը: Մենք տասնօրյա ժամկետում այգին կբարեկարգենք, իսկ հետո հանրությունն ինքը կորոշի, թե ինչպես և երբ է ապամոնտաժելու Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակները»,- մանրամասնեց ակտիվիստը:







































