Երկուշաբթի՝ մարտի 19-ին, Հրեական համալսարանի կողմից բացված՝ Ալբերտ Էյնշտեյնի յուրահատուկ թվային արխիվը հանրությանը կներկայացնի մեծ ֆիզիկոսի ավելի քան 80 հազար փաստաթղթեր:
Հրեական համալսարանը թվային արխիվի բացումը նվիրել է Էյնշտեյնի 133-ամյակին, որն այս օրերին նշվում է Իսրայելում:
Հրեական համալսարանի մասնագետները Էյնշտեյնի փաստաթղթերը մշակել են բարձր որակի ձևաչափով, որը թույլ է տալիս աշխատել նրանց հետ:
Այս պահին այդ եղանակով թվայնացվել է ավելի քան 2 հազար փաստաթուղթ, սակայն մինչ այս տարվա վերջը նախատեսվում է թվայնացնել Էյնշտեյնի բոլոր 80 հազար փաստաթղթերը, որոնցից 40 հազարը անձնական փաստաթղթեր են, իսկ ավելի քան 30 հազարը կապված են ֆիզիկոսի կյանքի հետ և հայտնաբերվել են 1980 թվից հետո,- տեղեկացնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ 1955 թ. մահացած Ալբերտ Էյնշտեյնն ավելի քան 80 հազար փաստաթուղթ է կտակել Երուսաղեմի Հրեական համալսարանին, որի համահիմնադիրն էր հանդիսանում:








































