«Ժառանգության» ցուցակը կոմպրոմիսային է. այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը`անդրադառնալով «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» ցուցակին:
Ըստ քաղաքագետի` հիմա դժվար է գնահատել այդ ցուցակը արդյունավետության առումով, բայց այն խնդրահարույց է, հակասական և իրարամերժ կարծիքների է արժանանալու և արժանանում արդեն իսկ հիմա: Նրա խոսքով` փորձ է արվել իշխանությունից դուրս գտնվող տարբեր սեգմենտներին հնարավորություն տալ իրենց ներկայացուցիչն ունենալ իրենց ցուցակում:
«Երիտասարդ քաղաքացիական ակտիվ սեգմենտը ներկայացնում է Զարուհի Փոստանջյանը: 90-ականների իշխանական թիմի ներկայացուցիչների համակիրների, որոնք ընդդիմադիր կեցվածք ունեն, ներկայացուցիչն է Քոքոբելյանը կամ նախկին փոխոստիկանապետը, ընդդիմադիր բլոգերներ և այլն: Տարբեր սեգմենտներ են ներկայացված, և ընտրվել է կոմպրոմիսային տարբերակ, որպեսզի աշխատեն ընդդիմադիր տարբեր սեգմենտների վրա և՛ ԱԺ, և՛ նախագահական ընտրությունների համար:
Բնականաբար, քանի որ անցողիկ տեղերում կան տարբեր սեգմենտների ներկայացուցիչներ, նշանակում է, որ «Ժառանգության» ոչ բոլոր ակտիվությամբ առանձնացած անդամները կարող են ներկայացված լինել, քանի որ տեղերը սահմանափակ են. սրանով է պայմանավորված դժգոհությունները «Ժառանգության» ցուցակի առնչությամբ»,- մեկնաբանեց Էդգար Վարդանյանը` հավելելով, որ «Ժառանգություն»-ը նաև փորձել է ապահովագրել է իրեն և ԱԺ անցնելու հինգ տոկոսանոց շեմի խնդիրն ավելի հեշտ լուծել, այդ պատճառով են մասնակցում ընտրություններին այս ցուցակով և ոչ դաշինքով:
Հիշեցնենք, որ արդեն հայտնի են կուսակցությունների ընտրացուցակները, որոնք դարձել են բուռն քննարկումների, նաև դժգոհությունների առարկա:








































