Պետք է լինի բնապահպանական պետական քաղաքականություն` պատգամավորները ոչինչ չեն փոխի այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան Լևոն Գալստյանը:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե կուսակցությունների ցուցակները հույս ներշնչո՞ւմ են, որ նոր գումարման խորհրդարանում կբարձրացվեն բնապահպանական խնդիրները, նա պատասխանեց, որ բարձրացնելը չգիտի, բայց լուծել հնարավոր չի լինի:
Ըստ նրա` բնապահպանական խնդիրների լուծման համար պետք է լինի ընդհանուր պետական քաղաքականություն, որն այս պահին բացակայում է:
«Այսինքն` եթե նույնիսկ պատգամավորը բարձրացնի խնդիրը, այն լուծում չի գտնի, որովհետև չկա ընդհանուր մոտեցում, պետք է ռեալ լինի այն և գրված: Երբ մենք տեսնում ենք քաղաքական գործիչների նախընտրական ծրագրերը, նաև՝ նախագահի, այնտեղ ոչինչ բնապահպանական խնդիրների վերաբերյալ գրված չէ»,- մեկնաբանեց Լ. Գալստյանը`հավելելով, որ
էվոլյուցիոն զարգացմամբ պետք է այնպես լինի, որ այս խնդիրներին ուշադրություն դարձվի:
Նրա խոսքով` ընտրացուցակում ընդգրկված թեկնածուներից ոչինչ կախված չէ, ոչինչ չի փոխվի նաև այն դեպքում, երբ ընտրացուցակներում հայտնվեն բնապահպաններ: «Եթե պետությունն ունի բնապահպանական հստակ քաղաքականություն, որը բխում է ժողովրդի շահերից, ուրեմն խնդիրները լուծվում են, իսկ եթե ոչ` ոչ»,- եզրափակեց բնապահպանը:








































