Սիրիայում դրությունը կշարունակի մնալ անկայուն: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, արևելագետ, արաբագետ Արաքս Փաշայանը` անդրադառնալով Սիրիայի վերջին զարգացումներին:
Հիշեցնենք, որ այս գիշեր պայթյուն էր գրանցվել Դամասկոսի Մեզզեյ թաղամասում, որտեղ գտնվում է ՀՀ դեսպանատունը: Ավելի վաղ` մարտի 18-ին, Հալեպում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր հայազգի Արաքս Պետրոսյանը, վիրավորվել էին Սիրայի 5 հայազգի քաղաքացիներ:
Արևելագետ Արաքս Փաշայանը չբացառեց, որ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի տապալման համար փորձ արվի երկրի իրավիճակն ապակայունացնել տնտեսական իրադրության վատթարացման միջոցով: «Բաշար Ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո հնարավոր է իրավիճակը չկայունանա, հնարավոր է, որ ինքը շարունակի ղեկավարել երկիրը»,- մեկնաբանեց արևելագետը` հավելելով, որ ընդհանուր առմամբ անկայունությունը կշարունակվի առաջիկայում նույնպես, քանի որ ներսիրիական զարգացումներին միջամտում են մի շարք արտաքին դերակատարներ, ովքեր ըստ ամենայնի հետամուտ են լինելու հասնել Սիրիայում իշխանափոխության:









































