Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ շուտով Ուկրաինայում ռուսերենը կստանա պետական լեզվի կարգավիճակ:
Ինչպես հաղորդում է ուկրաինական UNIAN գործակալությւոնը, նախագահը նշել է, որ ռուսերենը պետական լեզու ճանաչելու հարցում շահագրգռված են բնակչության այն շերտերը, որոնք խոսում են երկու լեզուներով՝ ուկրաիներենով և ռուսերենով: Նա նշել է, որ մի շարք եվրոպական երկրներ ունեն երկու, երեք պետական լեզուներ և հանգիստ ու նորմալ ապրում են:
Նրա խոսքերով՝ Ուկրաինայում կան շրջաններ, որտեղ մարդիկ հաղորդակցվում են 4 լեզուներով, և պետք է փորձել պահպանել այդ մշակութային ժառանգությունը: «Դրան է ուղղված պետական քաղաքականությունը»,- ասել է պետության ղեկավարը:
Պետական լեզվի կարգավիճակը Ուկրաինայում ամրագրված է սահմանադրությամբ: Ռուսերենը երկրորդ պետական լեզու ճանաչելու համար հարկ կլինի փոփոխություններ մտցնել Սահմանադրության 10-րդ հոդվածում, ինչը, սակայն, հնարավոր կլինի Գերագույն Ռադայի 450 պատգամավորներից 300-ի աջակցության, իսկ հետո էլ՝ համաժողովրդական հանրաքվեի դեպքում:








































