Քիչ առաջ «Բանակն իրականում» խմբում Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը տեղեկատվություն է տարածել, որ այս պահին ԼՂՀ Հադրութի զորամասում ԼՂՀ բանակի շտաբի պետի հանձնարարականով և ներկայությամբ զինվորներին ստիպում են մաքրել զուգարաններ: Փոխանցվում է, որ խոսքն ինչ-որ առանձին դեպքի մասին չէ, այլ ընդհանուր զորամասի մասշտաբներով:
«Բացի զինվորներից նման ճնշումների են ենթարկվում նաև սպաները, պատճառների մասին տեղյակ չեմ, բայց փաստ է, որ կա նման իրավիճակ որը շատ վատ զարգացումներ կարող է ստանալ»,- «Առաջին լրատվականին» փոխանցեց տեղեկատվությունը սոցցանցում տարածած նույն աղբյուրը:
ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում ակնհայտ ապատեղեկատվություն որակեց սա:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն էլ փոխանցեց, որ ինքը նման տեղեկատվություն չունի և խնդրեց կապվել Ս. Հասրաթյանի հետ: Երբ փոխանցեցինք, որ վերջինս հերքել է այդ տեղեկատվությունը, ասաց, որ այս պահին հիմք ընդունենք Ս. Հասրաթյանի ասածը: «Եթե լրացուցիչ տեղեկատվություն լինի, կհաղորդենք»,- նշեց Դ. Կարապետյանը:








































