«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որը ներկա էր «Ազատ դեմոկրատներ»-ի առաջին համագումարին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ամենահեռանկարայինն այսօր քաղաքական դաշտում «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ»-ի միավորումը կլինի, որովհետև նրանց գաղափարախոսությունը, կողմնորոշումները նույնն են. «Լավ ճանաչելով այդ մարդկանց՝ հստակ կարող եմ մի բան ասել, որ այնտեղ համարների խնդիր չպետք է անգամ ծագի»:
«Առաջին լրատվական»-ի հարցադրմանը՝ կարող է սա նոր համակարգի սկիզբ հանդիսանալ, Արամ Կարապետյանը պատասխանեց. «Ոչ թե նոր համակարգի, այլ նոր բևեռի հիմք կարող է հանդիսանալ, ինչը Հայաստանին չէր հերիքում, որովհետև արևմտյան կողմնորոշման գաղափարական ուժը՝ որպես այդպիսին, այսօր Հայաստանում ուղղակի բացակայում է։ Եթե չհաշվենք ՀԱԿ-ը, որը տարաբնույթ կազմակերպություններից է, ապա սա նոր բևեռ է, որը շատ կարևոր է, քանի որ մենք ունենում ենք ինչ-որ տեղ, ունենում ենք նոր գաղափարական օպոնենտներ, և շատ լավ կլինի, որ նրանց համագործակցությունը շարունակվի և դառնա մեկ ընդհանրություն»:
Չմիավորվելու դեպքում խորհրդարան անցնելու շանսեր Արամ Կարապետյանը չի տեսնում, թեև նշեց, որ, որպես առանձին բևեռներ, երկուսին էլ լավ ճանաչում է, գիտի «Ազատ դեմոկրատներ»-ի անցած քաղաքական ուղին: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», նրա խոսքերով՝ խորհրդարանում կայացած կուսակցություն է, բայց եթե չմիավորվեն, թերահավատ է, որ կմտնեն խորհրդարան, քանի որ, Արամ Կարապետյանի կարծիքով, այս ընտրությունները «կրովի» ընտրություններ են։








































