Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգեց ՀԱԿ 7 ակտիվիստներից 4-ի մասով անջատված գործի դատաքննությունը:
Ամբաստանյալներից Դավիթ Քիրամիջյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը դատարանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալն առավոտյան զանգով իրեն տեղեկացրել է, որ վատառողջ է և չի կարողանա ներկայանալ դատական նիստին:
Ամբաստանյալի բացակայության պայմաններում դատարանը որոշեց չշարունակել դատաքննությունը և դատական հաջորդ նիստը նշանակել մարտի 23-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին ՀԱԿ 7 ակտիվիստները բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանության աշխատակիցների հետ ունեցած միջադեպից հետո: Նրանցից միայն Տիգրան Առաքելյանն է շարունակում մնալ կալանավորված ու մեղադրվում է խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:







































