«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Փարիզյան սուրճ» ընկերության նախկին սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը:
– Աշխեն, երկուսուկես ամսվա բացակայությունից հետո նորից Հայաստանում եք: Ի՞նչ զգացողություններ ունեք:
– Ամեն անգամ Հայաստան վերադառնալն ինձ համար մեծ ուրախություն է, քանի որ ինձ համար սա շատ հարազատ տեղ է և իր ամենաբացասական կողմերով հանդերձ՝ շատ եմ կարոտում: Դժբախտաբար, երբ դու գալիս ես Փարիզից, որի օդակայանում հազարավոր մարդիկ կան և իջնում ես Երևանի օդակայան, տեսնում ես, որ այս գեղեցիկ օդակայանում մարդ չկա, պարապություն է, ո՞ւր են, ո՞ւր են գնացել հայերը: Սա իմ հարազատ հողն է, և ինչքան էլ վատ հիշողություններ լինեն, կապված եմ և առանց այդ հողի՝ չեմ կարող:
– Այս անգամ Ձեր այցն ի՞նչ նպատակ ունի:
– Ամփոփեցի իմ գործնական հարցերը Հայաստանում, և այլևս բիզնես տիկին չեմ, պարզապես ներկայիս «Փարիզյան սուրճի» տերերը ինձ հրավիրում են, ասում, որ ես միշտ կարող եմ գալ, մնալ ինչքան կամենամ: Արդեն այլ տրամադրությամբ եմ գալիս, քանի որ հարկային և գործնական ոչ մի հոգս չունեմ, և անպայման կշարունակեմ մաս կազմել «Փոքր Փարիզի» կյանքին և ապագային:
– Աշխեն, Դուք Ձեր բիզնեսը տանուլ տված գնացիք: Սփյուռքահայերին, որոնք փորձում են այսօր Հայաստանում ներդրումներ անել, ի՛նչ խորհուրդներ կտաք:
– Միշտ ասում եմ՝ եթե որևէ մեկը ուզում է Հայաստանում գործ սկսել, պետք է ունենա երկու շատ կարևոր մարդ իր կողքին՝ վստահելի և պրոֆեսիոնալ իրավաբան և հաշվապահ, հաշվապահն իր հերթին պետք է ունեցվածք ունենա, և եթե սխալ հաշվապահություն անի, պետք է պատասխան տա: Շատ կարևոր է, որ հաշվապահը ունենա բանկային հաշիվ և այլն: Այսօր մտածել, որ Հայաստանում կարող են ներդրում անել, այնքան էլ ճիշտ չէ. նախևառաջ համաշխարհային ճգնաժամ ենք ապրում, Հայաստանի վիճակը լավ չէ, և ստեղծել այստեղ նոր գործ՝ հիմնված ինչի՞ վրա, որովհետև մեծամասնությունը ուզում է փախչել այս երկրից, քանի որ ապագա չեն տեսնում: Ինչի՞ վրա հիմնված պետք է գործ դնես այստեղ. չենք կարող արտահանել, քանի որ խնդիր ունենք Թուրքիայի հետ, պետությունն իր կամքով որևէ միջամտություն, օգնող որևէ բան չի անում, որ երկիրը տնտեսական այս վիճակից հանի և հույս տա, որ այդ մարդկանց, որոնք ուզում են որևէ բան անել, գրավի իր կողմը:
– Դուք եկել եք մի այնպիսի ժամանակ, երբ նախընտրական պրոցեսներ են, հնարավո՞ր է Հայաստանում ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնել:
– Ես հայաստանցի չեմ, բայց ես բացարձակապես չեմ հավատում, որ որևէ բան պետք է փոխեն այս ընտրություններով: Ընդհակառակը, պետք է շարունակվի նույն ձևով, և որևէ հույս չունեմ այս ընտրությունները նախորդի շարունակությունը չեն լինի, ո՞ւմ օգտին քվեարկել, ժողովուրդը ընդհանրապես չի հավատում, որ որևէ բան կփոխվի, եթե սրանք շարունակվեն: Այսինքն՝ անհույս ժողովուրդ է այսօր, անհույս պետություն և քաղաքական գործիչներ, սարսափելի վիճակ է, և ես շատ մտահոգ եմ: Բայց որովհետև ինձ թվում է՝ այն կետին ենք հասել, որ այլևս հույս չկա, մի բան պետք է փոխվի, որովհետև այսպես շարունակվել չի կարող:
– Աշխեն, ձախողված քաղաքականության կողքին կա քաղաքացիական ակտիվություն, հասցրե՞լ եք գնալ Մաշտոցի պուրակ:
– Պետք է գնամ պուրակ, միայն երիտասարդներն են հույս ներշնչում, նրանք, որոնք ակտիվորեն իրենց քաղաքացիական իրավունքներն են փորձում պաշտպանել, և կպայքարեն, լույս կա, որ կարող է հույս բերել… Միայն իրենք են, և այդ պայքարն է, որ կարող է մեծանալ և դառնալ քաղաքական ուժ, ներկայացուցիչներ լինեն և ընդհանուր ձևով այս երկիրը փոխեն. ես միայն իրենց հետ կապված հույսեր ունեմ:
– Աշխեն, երբ հեռանում էիք Հայաստանից, քաղաքական գործիչները չփորձեցի՞ն գալ, աջակցել, չէ՞ որ ընդամենը մեկ տարի առաջ էին Ձեզ բիզնես տիկնոջ կոչում տվել:
– Բացարձակապես որևէ զանգ, իմեյլ չեմ ստացել, գոնե կեղծավորությամբ մի բան անեին, բայց ընդհանրապես որևէ մեկը չմոտեցավ ինձ: Եվ երբ ես իմ պատմությունը պատմեցի Ֆրանսիայի կարևոր թերթերին, այնտեղ էլ ինձ հարցրին՝ գոնե Սփյուռքի նախարարությունը հետաքրքվե՞լ է: Չէ՛, չկա նման բան…
– Մի քանի տարի է սփյուռքի նախախարությունը «Արի տուն» է կանչում, բայց տուն եկողներ գրեթե չկան:
– Դժբախտաբար կամ բարեբախտաբար ինձ թվում է՝ սփյուռքահայությունը գիտի Հայաստանի իրականությունը: Անշուշտ, իրենք գալիս են ամռանը արևոտ Երևան, բայց ձմեռը մարդ չկա դրսից, ինձ թվում է՝ սփյուռքահայությունն էլ լավ գիտե իրականությունը, ուղղակի իրենք շատ հաճախ ասում են, որ իրենք չեն կարող մասնակցել Հայաստանի պատմությանը, որովհետև Հայաստանի հայը պետք է փոխի իր իրականությունը: Իսկ ինչո՞ւ պետք է գան, վերադառնան տուն, երբ մենք արդեն տասնվեց տարի եկել ենք, փորձել մասնակցություն ունենալ տնտեսության մեջ, սակայն ջղայնացած և վիրավորված, նյութապես ամեն ինչ կորցրած՝ վերադարձել եմ Ֆրանսիա: Այսինքն՝ եթե ինձ Ֆրանսիայում գիտեն, որ պայքարող եմ, չէի եկել Հայաստան փող ստեղծեմ կամ խաբեմ, հանգիստ ինձ համար կարող էի մնալ Փարիզում, բայց որովհետև ես շատ հայ եմ, ուզում էի մասնակցել… իսկ «Արի տունը» նորից կեղծավորություն է:
– Այսինքն՝ Հայաստանում հաջողության կարող ես հասնել, եթե խաբո՞ւմ ես:
– Չեմ իմանում, երևի այստեղ հաջողելու համար պետք է կողքիդ մեկ ուրիշ սեփականատեր լինի քեզ հետ, որը պատկանում է բարձր օղակի քաղաքական մարդկանց, կամ իրենց պետք է լինես, այսինքն՝ եթե կողքդ պաշտպանող մեկը չկա, որ իրենց կողմից է, որ չգան քեզ խանգարեն, որ հարկերը (ես սուրճ էի ներմուծում և 32 տոկոս վճարում) կամ վճարում են, կամ ոչ, իրենք մեծ գումարները չեն վճարում, և մինչև այդ ամենը չվերանա, Հայաստանը հետաքրքիր երկիր չի լինելու, որ սփյուռքահայերից որևէ մեկը գա՝ ներդրում անի, որովհետև ուրիշ ճար չկա, որովհետև կամ իրենց պես պետք է լինես, կամ իրենց կողիքին:
– Ամռանը երբ գաք, ընտրություններն արդեն ավարտված կլինեն, հնարավո՞ր է փոփոխություն լինի և նորից ներդրում անեք:
– Հույսեր չկան, կարճաժամկետ ես չեմ տեսնում այդ հույսը, որ ես անձամբ գամ ներդնեմ կամ իմ ընտանիքին և մոտ մարդկանց ասեմ, որ գան ներդրում անեն:
– Դուք պետք է Եվրադատարան դիմեիք, ի՞նչ ընթացքի մեջ է գործը:
– Հիմա իմ իրավաբանը զբաղվում է այդ հարցով, բայց սա երկարատև պրոցես է: Դիմելու ենք դատարան, որովհետև առաջին և երկրորդ ատյանների դատարանի որոշումների պատճառով ես կորցրի իմ ունեցվածքը, դա նորից սկզբունքի հարց է, այսինքն՝ ես շատ լավ գիտեմ, որ նյութական ինձ ոչ մի բան չի բերի, բայց սա սկզբունքի հարց է, և իրենք պետք է հասկանան, որ եթե դատավորը դատում է, պետք է ճիշտ դատի, ոչ թե ինչ-որ մեկի օգտին վճիռ կայացնի, քանի որ այդ մեկն իր ընկերն է: Դատարանը ոչ քաղաքականացված և ազատ պետք է լինի: Սա նորից պայքարի միջոց է ճշտի համար, ոչ թե խանգարելու, այլ օգնելու: Ես միշտ ասում եմ, որ պետությունը պետք է աշխատի ժողովրդի համար և ոչ թե ժողովուրդը պետության համար, դա է քաղաքականությունը, քեզ ընտրում են, որ դու այս երկրին և հասարակությանը լավ նայես, ոչ թե այդ մարդկանց ստրուկ դարձնես առանց հույսի. իրենք պետք է դա հասկանան և փոխվեն:
Եվ մեր քաղաքացիական պայքարը կարող է տանել դեպի լավ Հայաստան և լավ ապագա, որը շատ եմ ցանկանում իրականանա, և դրա համար պետք է պայքարենք, ուրիշ ճար չունենք:











































