Քաջարանցիներին փորձում են լռեցնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Մանրամասնելով իր հայտարարությունը՝ նա նշեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը ճնշումներ է կիրառում նույն կոմբինատում աշխատող գյուղացիների վրա, որպեսզի նրանք լռեն և գյուղի հողերը հանձնեն կոմբինատին: Նա նշեց, որ Քաջարան գյուղի բնակիչները ոչ մի կտոր հող հանձնող չեն, այդ պատճառով վախեցնում են, սպառնում, որ աշխատանքից կհեռացնեն: «Ինչքան վախեցնեն, միևնույն է, մենք հող տվող չենք»,- հաստատակամորեն ասաց Ռաֆիկ Աթայանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 627-Ն որոշման համաձայն` ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներ ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ, և հողերի նպատակային նշանակությունը փոփոխվելու է: Որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը: Այսինքն` տվյալ հողերը պետք է օգտագործվեն հանքավայրի ընդլայնման նպատակով: Արդեն մի քանի ամիս է որոշմանը իրենց անհամաձայնությունն են հայտնում Քաջարան գյուղի բնակիչները, մասնավորապես գյուղապետը: Բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստները, բնապահպանները, ԱԺ պատգամավորները մի քանի անգամ եղել են գյուղում և ծանոթացել խնդրին, պայքարել, սակայն հարցը մնում է չլուծված:








































