«Արմավիա» ավիաընկերության և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի ներկայացուցիչների միջև այսօր կրկին բանակցություններ են տեղի ունեցել: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց «Արմավիա»-ի մամլո քարտուղար Նանա Ավետիսովան, կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել, և չվերթներն իրականացվում են:
Հիշեցնենք, որ երեկ ժամեր տևած բանակցություններից հետո Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության լրատվական ծառայության ղեկավար Նելլի Չերչինյանը հայտարարեց, որ համաձայնություն ձեռք է բերվել, և «Զվարթնոցը» որոշ զիջումների է գնալու: Դրանից հետո, ուշ երեկոյան, «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում կրկին հայտարարեց, թե փոխհամաձայնություն չկա, և եթե հակառակ կողմը զիջումների չգնա, ապա «Արմավիա»-ն իրեն սնանկ կհայտարարի, ու այսօրվանից թռիչքները կդադարեցվեն:
Ն. Ավետիսովան պարզաբանեց, որ այսօրվա վիճակով «Արմավիա»-ն շարունակելու է գործունեությունը և մոտ ապագայում պլաններ ունի: Մասնավորապես, այս տարի ապրիլին «Արմավիա»-ն կբերի նոր մեծ ինքնաթիռներ, ընկերությունը նախատեսում է ամառային շրջանը ակտիվորեն անցկացնել և տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնել`ավանդաբար պահելով չվերթները դեպի Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հանգստավայրեր: Միաժամանակ նախատեսվում է նոր չվերթներ իրականացնել դեպի Միլան, հնդկական Ամրիտսար, Ստոկհոլմ և Բիրմինգեմ:









































