Բրիտանիայի արքայազն Հարին բավական անկեղծ հարցազրույց է տվել ամերիկյան CBS հեռուստաալիքին՝ խոստովանելով, որ չի կարողանում գտնել իր սերը, չնայած հասկանում է, որ իր դրության մեջ կին գտնելն ավելի շուտ «աշխատանք» և պարտականություն է, քան ռոմանտիկա:
Արքայազնը տասնօրյա այցով գտնվում է Լատինական Ամերիկայում՝ որպես Էլիզաբեթ 2-րդ թագուհու ներկայացուցիչ, և բացել է նրա կառավարման հոբելյանին նվիրված միջազգային տոնակատարությունը:
Հարցազրույցում Հարին պատմել է թագավորական ընտանիքի անդամների կյանքի դժվարությունների մասին: Նա խոստովանել է, որ և՛ ինքը, և՛ իր եղբայրը՝ Ուիլյամը, հաճախ պարզապես ցանկանում են լինել «հասարակ մարդիկ»՝ հասկանալով, որ իրենք այս կարգավիճակը ստացել են ի ծնե և պետք է համապատասխանեն դրան:
«Դե, դուք հասկանում եք, դա միշտ այդպես է. «Օ, տեր Աստված, նա արքայազն է»: Բայց ամեն ինչ ընդհանրապես այդպես չէ: Ես նկատի ունեմ այն աշխատանքը, որը պարտադրվում է (արքայազնի կարգավիճակին)»,- ասել է Հարին:
Հարիի կյանքում միակ երկար սիրավեպը եղել է բարձրաշխարհիկ զվարճանքների սիրահար Չելսի Դեյվիի հետ սիրավեպը, որն ավարտվել է 2009 թ.:
«Ինձ նայեք: Ես արդեն 27 տարեկան եմ: Ես արդեն փնտրում եմ ոչ թե մեկին, ով կհամապատասխանի այդ դերին (կնոջ դերին), այլ մեկին, ով պատրաստ կլինի իր վրա վերցնել դա (թագավորական պարտականությունները)»,- ասել է նա:
Ամերիկյան այցի ընթացքում Հարին նաև միջոցներ է հավաքել իր բարեգործական Sentebale կազմակերպության համար, որն օգնում է աֆրիկացի երեխաներին:
«Մենք (եղբորս հետ) աստիճանաբար սկսում ենք գիտակցել, որ մեր անունը կարող է իրապես ինչ-որ բան փոխել: Դուք գիտեք՝ Sentebale նշանակում է՝ «մի մոռացիր», իսկ դա նշանակում է՝ մի մոռացեք երեխաների, մի մոռացեք ձեր մայրերի մասին. չէ՞ որ ես և Սիիսո արքայազնը (հիմնադրամի համահիմնադիր.-1in.am) զրկվել ենք մեր մայրերից վաղ տարիքում»,- պատմել է Հարին:
Նա խոստովանել է, որ այն հանգամանքը, որ իր մայրը՝ հանգուցյալ արքայազն Դիանան, ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ, ոգեշնչում է իրեն այն գործում, որով ինքն այժմ զբաղվում է:








































