Ամենայն վրաց կաթողիկոս Իլյա Երկրորդը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինին՝ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Իլյա Երկրորդը Պուտինին է ուղարկել շնորհավորական ուղերձ, որում ասվում է.
«Մոսկվա, Կրեմլ
Նորին մեծություն պարոն Պուտինին
Ձերդ մեծություն պարոն Պուտին, ընդունեք մեր շնորհավորանքները Ձեր` Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Կարծում եմ, որ Ձեր մեծ փորձը կնպաստի խաղաղության ամրապնդմանը և բարեկեցությանը Ձեր երկրում:
Ռուսներն ու վրացիները նույնադավան ժողովուրդներ են, բայց ո՛չ Վրաստանը, ո՛չ մեր եկեղեցին երբեք չի համաձայնի Աբխազիայի և Ցխենվալի շրջանների անջատմանը: Չնայած բոլոր դժվարություններին, գտնում ենք, որ հնարավոր է վերականգնել բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի և Վրաստանի միջև, ինչը կկատարվի միայն այն դեպքում, եթե հաղթի պատմական արդարությունը»:









































