Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ անհնար է Կիպրոսում արդյունահանված գազի՝ Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա փոխադրումը:
Որպես դրա պատճառ՝ Յըլդըզը նշել է այդ գազի՝ Կիպրոսի ու Իսրայելի կողմից համատեղ արդյունահանումը: Եվ քանի որ Իսրայելը ցայժմ ներողություն չի խնդրել 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Ազատության նավատորմի» միջադեպի ժամանակ Թուրքիայի 9 քաղաքացիներին սպանելու համար, ուստիև Թուրքիան թույլ չի տա, որ Իսրայելի և Կիպրոսի համատեղ արդյունահանած այդ գազն իր տարածքով տեղափոխվի Եվրոպա:
Յըլդըզը նկատել է, որ եթե չլիներ «Ազատության նավատորմի» միջադեպը, ապա լիովին հնարավոր կլիներ կյանքի կոչել այդ նախագիծը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կիպրոսը ցանկություն էր հայտնել գազատար կառուցել դեպի Թուրքիա, որով կիպրական գազը կհասներ Թուրքիայի տարածք, իսկ այնտեղից էլ՝ Եվրոպա:








































