Թունիսի դատարանը «Ալ-Թունիսիա»-ի հրատարակչին տուգանել է 1000 դինարով (665 դոլար): Պատճառը դրանում տեղադրված մերկ կրծքով աղջկա լուսանկարն է: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Փետրվարին «Ալ-Թունիսիայում» տպագրվել էր «Ռեալի» ֆուտբոլիստ Սամի Խեդիրայի լուսանկարն իր սիրելիի` գերմանուհի մոդել Լենա Գերկեի հետ: Ֆուտբոլիստը նկարում ձեռքով փակել է աղջկա մերկ կուրծքը: Ավելի վաղ լուսանկարը հայտնվել էր գերմանական GQ-ի տիտղոսաթերթին:
Թունիսի դատախազությունը սկսել է հետաքննություն անպարկեշտ լուսանկարի առնչությամբ, ու որոշ ժամանակ անց «Ալ-Թունիսիայի» հրատարակիչ Նասրեդդին բեն Սաիդը և որոշ աշխատակիցներ ձերբակալվել են: Աշխատակիցներին ազատել են, իսկ Բեն Սաիդին` ոչ: Նա ստիպված ճաղերի հետևում է անցկացրել 8 օր, մինչ դատարանը որոշել է նրան գրավով ազատել։
Դատարանի որոշման մեջ մասնավորապես ավում է, որ թերթը «վիրավորել է հասարակության բարոյականությունը»:
«Ալ-Թունիսիան» հիմնադրվել է Զին Ալ-Աբեդին Բեն Ալիի ռեժիմի տապալումից անմիջապես հետո:
Արաբական մյուս երկրների համեմատ՝ Թունիսն աչքի է ընկնում իր բավականաչափ ազատ բարքերով, սակայն մերկ լուսանկարն այստեղ ընկալվել է որպես «անսովոր մի բան»,- նկատում է Associated Press-ը:







































