Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հղում կատարելով ամերիկացի գեներալ-լեյտենանտ Հերբերթ Քարլայլին, Իրանի դեմ հնարավոր պատերազմի դեպքում ԱՄՆ-ը կկիրառի նոր հզոր զենք: Այս ռումբն ունի 13,6 տոննա քաշ և կարող է պայթեցնել 65 մետր հաստությամբ բետոնապատ բունկերները:
Ըստ գեներալի` այս զենքն ամերիկացի զինվորականների տրամադրության տակ է անցել անցած տարի, հատուկ մշակվել է` մի քանի երկրների ռազմական օբյեկտների, այդ թվում` միջուկային կառույցներին հարված հասցնելու համար: Քարլայլը հավելել է, որ իրենք շարունակում են կատարելագործել այս տեսակի զենքը: «Եթե անհրաժեշտություն լինի, մենք անպայման այն կկիրառենք»,- ասել է Քարլայլը:
Գեներալը նաև հավելել է` եթե պատերազմ սկսվի, ապա ԱՄՆ-ը ավելի լավ արդյունքներ կարձանագրի, քան Իսրայելը:








































