«Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, ՀԱԿ անդամ Վաղարշակ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ իր և ՀԱԿ մաս կազմող մյուս 3 կուսակցությունների հրաժարականը՝ տեղեր ունենալ ՀԱԿ համամասնական ցուցակում, բնավ էլ պայմանավորված չէ ցուցակում ավելի լավ հորիզոնականներ զբաղեցնելու հավակնություններով:
«Ես դեռ ոչ մի մեկնաբանություն չեմ անում: Մի նախադասությունով ասել ճիշտ չի լինի, դա կարող է ոչ ճիշտ մեկնաբանությունների տեղիք տալ: Դրա համար էլ կուսակցության ներսում քննարկում ենք, երբ կարող ենք առավել լայնածավալ մեկնաբանություններով հանդես գալ»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ իր և մնացած երեք ուժերի ներկայացուցիչների դժգոհության պատճառը իրենց՝ ՀԱԿ համամասնական ցուցակի վերջին տեղերում ընդգրկելն է, Վաղարշակ Հարությունյանը նշեց. «Դա ուղղակի անհեթեթություն է: Երբ ՀԱԿ քաղխորհրդի նիստում դեռ նոր էր հարց քննարկվում՝ մասնակցել ընտրություններին, թե ոչ, մեր կուսակցությունը հայտարարել է, որ համամասնական ցուցակ մուտք չի գործելու: Այնպես որ, հարցը սրանում չէ, ինձ ԱԺ-ն չի հետաքրքրում»:
Նշենք, որ ավելի վաղ ՀԱԿ չորս կուսակցություններ՝ Վաղարշակ Հարությունյանի «Ազգային վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի «Հայրենիք ու պատիվը», Սոս Գիմիշյանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդը և Հայ կամավորականների համախմբումը, հայտարարել էին Կոնգրեսի համամասնական ցուցակում տեղերից հրաժարվելու մասին:
Նշենք նաև, որ «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, Գորիսի նախկին քաղաքապետ, Սամվել Հարությունյանն այսօր կայացած մամլո ասուլիսին չէր բացառել, որ հնարավոր է՝ իր պայքարը շարունակի «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի հետ:








































