Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին հավատարիմ զորքերը պայթեցրել են այն կամուրջը, որով Ալ-Կուսեյր քաղաքի բնակիչները փախչում էին Լիբանան: Այս մասին գրում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով իրավապաշտպաններին:
Մարտի 4-ից Ալ-Կուսեյրը ռմբակոծության է ենթարկվում կառավարական զորքերի կողմից, ինչի հետևանքով կանայք, երեխաները և վիրավորները սկսել են դուրս գալ քաղաքից: Երկու օրվա ընթացքում փախստականների թիվը հասել է շուրջ 2000-ի: ՄԱԿ-ի տվյալներով՝ նրանցից ոմանք ժամանակավոր ապաստան են գտել Լիբանանի սահմանակից բնակավայրերում:
Ալ-Կուսեյրը գտնվում է Լիբանանի սահմանից 12, իսկ Հոմս քաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա: Հոմսի բնակիչները, ըստ իրավապաշտպանների, նույնպես ցանկանում են փախչել Լիբանան, սակայն բանակը համաձայն որոշ տեղեկությունների, փախստականների վրա կրակ է բացում: Այս պահին քաղաքում աշխատում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, որոնք օգնություն են ցուցաբերում վիրավորներին: Այսօր ավելի վաղ Սիրիայի պետական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հոմսում վերականգնման աշխատանքներ են ընթանում:








































