Twitter սոցիալական ցանցում հայտնվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլի կեղծ բլոգը, որում Ռուսաստանում նախագահական ընտրությունների լեգիտիմությունը հարցականի տակ է դրվում: Այս մասին գրում է newsru.com-ը:
«Դիտորդները տեղեկացնում են երկրով մեկ մեծ թվով խախտումների մասին: Սա հարցականի տակ է դնում ընտրությունների լեգիտիմությունը»,- մաքուր ռուսերենով ասվում է այդ բլոգում:
Իմանալով այս մասին՝ Մայքլ Մաքֆոլը շտապել է հայտարարել, որ այդ բլոգը կեղծ է: «Խոսքը կեղծ հաշվի մասին է: Դուք բոլորդ գիտեք, որ ես ունակ չեմ ռուսերենով այդքան լավ գրել»,- Twitter-ի իր իրական էջում գրում է Մաքֆոլը:
Սոցիալական ցանցի մի խումբ օգտատերեր բացատրել են, թե ինչպես տարբերակել հայտնի մարդու իսկական էջը կեղծից: Իսկական էջում անվան կողքին կապույտ նշան կա:
Դեսպանն այսօր հայտնել է, որ չի հետևել քվեարկության ընթացքին: «Այսօր ես նայել եմ, թե ինչպես է որդիս բասկետբոլ խաղում, այնուհետև ես էլ եմ զբաղվել սպորտով: Թող փորձագետները գնահատեն ընտրությունները»,-գրել է նա:








































