Բելառուսը խստորեն կարձագանքի Եվրամիության, այսպես կոչված, պատժաչափերին, մարտի 4-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Մենք, ի դեպ, այդպես էլ անում ենք: Այդպես կվարվեր յուրաքանչյուր այլ պետություն»,- ասել է Լուկաշենկոն` մեկնաբանելով Բելառուսի և Եվրամիության հարաբերությունները:
Բելառուսը Մինսկում Լեհաստանի դեսպանին և Եվրամիության ներկայացուցչին առաջարկել է լքել երկիրը: Իր հերթին ԵՄ–ն Մինսկից հետ է կանչել Բելառուսում հավատարմագրված Եվրամիության բոլոր դեսպաններին: Միաժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը «ոչ ոքի չի խանգարում ապրել, բայց կստիպի իրեն հարգել»: Նա ասել է, որ բելառուսական դատավորների և ոստիկանների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով՝ ԵՄ–ն Մինսկին հասկացնում է, որ դատավորները պետք է դատեն հաճոյանալով Բրյուսելին, իսկ ոստիկանները չպետք է ճնշեն «հինգերորդ շարասյանը»՝ ընդդիմությանը:
«Սրանք բոլորը մեկ ուղղությամբ ազդանշաններ են: Նրանց չի հաջողվի խաթարել մեր կայունությունը և ոչնչացնել մեր պետությունը` ձեռքի խաղալիք դարձնելով: Մենք չենք կարող դա թույլ տալ»,- Ալեքսանդր Լուկաշենկոյին մեջբերում է РИА Новости-ն:








































