Ինչպես գրում է The Hollywood Reproter-ը, «Ալ-Կաիդա»–ի առաջնորդ Ուսամա Բեն Լադենի սպանության մասին պատմող հոլիվուդյան ֆիլմի նկարահանումները Հնդկաստանում, որտեղ այժմ գտնվում է ֆիլմի ռեժիսոր Քեթրին Բիգելոուն, բողոքի ակցիաների պատճառ են դարձել:
«Օսկար»–ի մրցանակակիր Բիգելոուին Պակիստանի իշխանությունները թույլ չեն տվել նկարահանումներ իրականացնել Աբոթաբադ քաղաքում, որտեղ սպանվել է Բեն Լադենը: Այդ պատճառով նա որոշել էր նկարահանումներն իրականացնել Հնդկաստանում:
Երկրի Չադիգար քաղաքում համապատասխան ձևավորումներ էին իրականացվել, ինչի շնորհիվ քաղաքը նմանվել էր պակիստանյան բնակավայրին։ Այս հանգամանքը մասնավորապես դուր չէր եկել տեղի բնակիչներին: Հնդկաստանի և Պակիստանի հարաբերություններում արդեն մի քանի տասնամյակ է՝ շարունակվում են լարված հարաբերությունները:
Ակցիայի մասնակիցները նույնիսկ հարձակվել են ֆիլմի նկարահանող խմբի վրա: Ոստիկանական ուժերի միջամտության շնորհիվ ֆիլմի աշխատանքները շարունակվել են: Ցուցարարները հայտարարել են, որ հասնելու են նրան, որ Հնդկաստանի իշխանություններն արգելեն շարունակել նկարահանումները:








































