Սիրիայի ընդդիմության ուժերը տրոհված են և մոտ ապագայում հազիվ թե կարողանան միավորվել. այսպիսի կարծիք է հայտնել Դամասկոսում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նա նշել է, որ ԱՄՆ-ը փորձում է համոզել ընդդիմությանը միավորվել: Ֆորդի խոսքերով՝ Սիրիայի ընդդիմության ուժերը շփվում են միմյանց հետ, երբեմն՝ համակարգում գործողությունները, սակայն օրգանապես կապված չեն:
Ընդ որում, նա նշել է, որ Սիրիայի ո՛չ զինված ուժերը, ո՛չ անվտանգության ծառայությունները պառակտման նշաններ չեն ցուցաբերում և միասնություն են պահպանում՝ չնայած դասալիքների մեծ թվին: Միևնույն ժամանակ, Սիրիայում տեղի ունեցող գործողությունների հարցում լուրջ անհանգստություն են ցուցաբերում նաև իշխող շրջանակները, իսկ գործարար շրջանակները խիստ ճնշված են տեղի ունեցածից:
Բնութագրելով Սիրիայի տնտեսական վիճակը՝ Ֆորդը հայտարարել է, որ երկրի ազգային արժույթը՝ ֆունտը արժեզրկվել է գրեթե 50%-ով: Դամասկոսում պարենամթերքի գինը դեկտեմբերից փետրվար ընկած ժամանակահատվածում աճել է 30%-ով: Նկատվում է նաև բնական գազի և մազութի պակաս:









































