Այսօր հերձել են փետրվարի 29-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում սպանված 19-ամյա Տիգրան Վարյանին։
Դիահերձմանը մասնակցել է Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, որը Ա1+-ի լրագրողին հայտնել է հետևյալը՝ Տիգրան Վարյանի դիակի վրա առկա են բռնության, խոշտանգման հետքեր՝ քթարմատին, բերանի շրջանում սալջարդեր և քերծվածքներ, ծնոտի դիմային գծի ներքևի հատվածում, հրազենային վերքից մի քանի սանտիմետր ներքև՝ երկարավուն կապտուկ։
Փորձագետի տպավորությամբ, երեխան ըստ երևույթին դիմադրել է մի քանի հոգու և մարդասպաններից մի քանիսը պահել են նրան, մեկը կրակել է։
Ռուբեն Մարտիրոսյանը սպանված զինվորի դիակի զննությունից ստացած տպավորությունից ելնելով, նրա մահը գնահատել է որպես դիտավորյալ սպանություն։ Նա նաև նշել է, որ վերքերը երեխան ստացել է մահվանից մի քանի րոպե առաջ։
Տիգրան Վարյանի մահվան առիթով Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով գործ հարուցելը (ինքնասպանության հասցնելը) Հելսինկյան ասոցիացիայի փորձագետը համարում է ապօրինի և գտնում է, որ պետք է այն որակել որպես առանձնակի դաժանությամբ դիտավորյալ սպանություն։
Նա ՊՆ քննչական ծառայության աշխատակից Յուրա Բադալյանին հայտնել է իր կարծիքը։ Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ Յուրա Բադալյանն ասել է, որ մի անգամ էլ կնայեն, եթե կարողանան, հոդվածը կփոխեն։









































