Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ`պաշտոնական Անկարան հետաքրքրություն է ցուցաբերել TAPI (Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան) գազատարի նախագծի նկատմամբ:
Այս մասին նշված է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի կատարած թուրքական այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթում: Այն ստորագրվել է բարձր մակարդակի հանդիպումներից ու բանակցություններից հետո:
Դրանում նշված է նաև, որ կողմերը հաստատել են տարածաշրջանային նախագծերի ստեղծման վրա աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը, ինչն ուղղված է Աֆղանստանի վերականգնմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Հիշեցնենք, որ Բերդիմուհամեդովը Թուրքիա է այցելել փետրվարի 28-ին: Նրա թուրքական այցն ավարտվում է այսօր: Այցի շրջանակներում երկու երկրները ստորագրել են 8 պայմանագրեր, որոնք առնչվում են էներգետիկ, տեքստիլ, տրանսպորտային, զբոսաշրջային, շինարարական, բանկային ու կապի ոլորտներին: