Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` վաղն Իրանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որոնց ընթացքը լուսաբանելու են 174 օտարերկրյա ԶԼՄ-ների մոտ 350 ներկայացուցիչներ: Այս մասին հայտարարել է Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարության արտասահմանյան ԶԼՄ-ների դեպարտամենտի ղեկավար Ջավադ Աղաջրին:
Վերջինիս խոսքերով՝ արդեն իսկ Իրան է ժամանել 55 օտարազգի լրագրող: Նա հավելել է, որ իրենք ակնկալում են, որ վաղվա ընտրություններին հետևելու համար լրագրողներ կժամանեն Իրան Գերմանիայից, Ավստրիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Իտալիայից, Բրազիլիայից, Բելգիայից, Չեխիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Կատարից, Հարավային Կորեայից, Կոլումբիայից, Վենեսուելայից և այլ երկրներից:
Հիշեցնենք, որ Իրանում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են 4 տարին մեկ անգամ՝ նախորդ գումարման խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտից (2012 թվականի հունիս) 3 ամիս առաջ:
75 միլիոն բնակչություն ունեցող Իրանում ընտրելու իրավունք ունի 48.2 միլիոնը: Վերջիններս մարտի 2-ին 3444 թեկնածուներից պետք է ընտրեն 290 պատգամավորի: Իրականում գրանցված թեկնածուների թիվը 5395 էր, սակայն նրանց մի մասը չի համապատասխանել պատգամավորական թեկնածուին ներկայացված պահանջներին, և արդյունքում մնացել է 3444 թեկնածու:









































