«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը:
– Արմինե, Դուք հոգեբանական և փորձագիտական տեսանկյունից բազմիցս վերլուծել եք սոցիալական ցանցերի նշանակությունը, դրանց ազդեցությունը հասարակության վրա: Վերջին շրջանում Թռչկանի ջրվեժի, ինչպես նաև Մաշտոցի պուրակի պահպանման համար պայքարը զուգահեռաբար ու գուցե ավելի ակտիվ ընթանում էր սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ Facebook-ում: Կարո՞ղ ենք արձանագրել, որ վիրտուալ իրականությունը տեղափոխվում է իրական հարթություն:
– Շատ ակտուալ հարց է: Իրոք, վիրտուալը տեղափոխվում է իրական դաշտ: Մի քանի տարի առաջ, երբ դեռ չկար Facebook-ը, մարդիկ լրատվությունը ստանում էին շատ սահմանափակ լրատվամիջոցներից: Հիմնական զանգվածը հեռուստատեսությունն էր դիտարկում որպես ինֆորմացիայի աղբյուր, իսկ նա, ում պետք էր այլ ինֆորմացիա, անպայման կգտներ, բայց մասսայական զանգվածային ներգրավվածություն, ինչպես Facebook-ում է (ճիշտ է, Facebook-ը այդքան էլ մասսայական չէ, բայց բավականին տարածված է արդեն), չկար: Եվ իհարկե այս քաղաքացիական շարժումը սկիզբ առավ Facebook-ից: Միգուցե գաղափարը մինչ այդ կար, բայց ակտիվությունը սկիզբ է առել Facebook-ից: Այսինքն՝ մարդիկ համախոհներ են գտել այնտեղ, հիմա մարդիկ Facebook-ով պայմանավորվում են ժամ, դուրս են գալիս պուրակ: Դժվար է պատկերացնել, որ պատահական մարդիկ զանգեին իրար, իջնեին պուրակ կամ անծանոթներն անցնեին ու միանային:
– Այս անգամ քաղաքացիական ակտիվիստները ուղիղ եթեր էլ մտան՝ անմիջապես հեռարձակելով Մաշտոցի պուրակից:
– Սա նոր է, և Facebook-ն էլ է իր տեսակի մեջ բավականին առաջ անցնում և զարգանում: Երբ Facebook-ում մարդիկ ընդգրկվեցին, սկսեցին նախ մտերիմներ փնտրել, ընկերներ որոնել:
– Այսինքն` սկզբում odnoklassniki-ի ֆունկցիա՞ն էր կատարում:
– Երբեք չի կատարել, միգուցե ընկերների իմաստը նման էր odnoklassniki-ին, մինչդեռ Facebook-ը շատ քաղաքականացված է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համաշխարհային մակարդակում ամենաքաղաքականացված սոցիալական ցանցը Facebook-ն է: odnoklassniki-ն քանի որ ռուսական կայք է, մարդիկ այստեղ շփվում են ռուսական սփյուռքի հետ: Facebook-ն ավելի գաղափարական, հոգեկան հարազատության դրսևորում է, ոչ թե արյունակցական կապն է առաջնայինը, և սա տիրապետող է դառնում, ենթադրում է նաև որոշակի զանգվածի ավելի ակտիվություն: Իմ կարծիքով` այստեղ մի խավ, մի գաղափարական սերուցք է ձևավորվում և բավականին ակտիվ է հիմա զարգանում այդ սերուցքը, մեր հայկական Facebook-յան հասարակությունում կան հստակ դերակատարներ:
– Կարո՞ղ ենք ասել, որ քաղաքացիական հասարակության ձևավորման համար հենց հիմք հանդիսացավ Facebook-ը: 2008-ին դրա սաղմերը եղան, հետո տեղափոխվեցին վիրտուալ իրականություն:
– Եթե հասարակության մեջ քաղաքացիական մտածելակերպի սաղմեր չլինեին, միգուցե գնար odnoklassniki-ի ճանապարհով, բայց երբ մարդիկ ունեն խնդիրներ, դա քաղաքացիական հասարակության զարգացման սաղմնային վիճակից առաջ է անցնում, Facebook-ը տարածք հանդիսացավ, հետո շատ անհրաժեշտ տարածք, հետո այն ենթադրեց քաղաքացիական հասարակության առավել զարգացում:
– Տեսակետ կա, ըստ որի՝ Facebook-ը գնալով լճանում է, Ձեր հետազոտություններն ի՞նչ են ցույց տալիս:
– Facebook-ը չի կարող լճանանալ, չէ՞ որ այդ հասարակությունը ևս աճող հասարակություն է, այսինքն՝ այնտեղ բոլոր տեսակի մարդիկ կան: Սկզբում եթե ավելի հստակ իմ ուսումնասիրության մեջ ընդգրկել եմ Facebook-ում դրդապառճառները, հիմա դա ավելի դժվարացել է, քանի որ հիմա Facebook-ում ավելի լայն հասարակություն է, բոլոր տիպի մարդիկ կան, մեկը գովազդում է իր մոդայի տունը, մյուսը՝ կոշիկը, երրորդը՝ գաղափարը, իր գիրքը, նկարը, վեպը և այլն, այսինքն՝ սա մի հասարակություն է, որտեղ արդեն շարժ կա, և հետո սերնդափոխության հարցը կգա, այնպես որ Facebook-ին պետք չէ թերարժեքորեն վերաբերվել:
– Որքանո՞վ են քաղաքական գործիչները ինտեգրվել Facebook-ում, և հնարավո՞ր է, որ նախընտրական պրոցեսներում այս գործընթացը զարգանա:
– Քաղաքական գործիչները, որոնք Facebook-ում կային և առավել ակտիվ էին, հիմա էլ կան: Որոշակի ուսումնասիրող քաղաքական գործիչներ, կան քաղաքական գործիչներ, որոնք էջ են ստեղծել, բեմ են տվել մարդկանց, որ խնդիրներ բարձրացնեն, և սա բավականին լավ է: Տեսեք, Facebook-ում մատչելիության հարցը կա, և Facebook-ը դրանով է ավելի արժեքավոր, որ ցանկացած մարդ կարող է իր հետաքրքրությունները բավարարել: Facebook-ում քաղաքացիական շարժումը քաղաքական տեքստ ունի:
– Այդ դեպքում ինչո՞ւ են քաղաքական նախաձեռնությունները վանում իրենցից քաղաքականությունը:
– Քաղաքացիական նախաձեռնություններին միանում են նաև մարդիկ, որոնք չեն ուզում քաղաքական տեքստով միանալ: Եթե ես հիմա հոգեբանական տեսանկյունից մոտենամ, վերլուծեմ, ապա ինչպես ցանկացած գաղափարի գոյություն, «ներդրում» ցանկացած դաշտում, այնպես էլ այստեղ, հայերի մեջ մոնոպոլիայի զգացողություն կա, որ եթե ես սա անում եմ, իմ գաղափարն է, թեկուզ ես պայքարում եմ, և պետք են մարդիկ, որ ինձ օգնեն պայքարելու, բայց միտքը, գաղափարն ինձ մոտ է առաջացել, իմ մոնոպոլիան է, իմ մենաշնորհը, ուրեմն ես եմ ղեկավարում և ես եմ որոշում շարժումը՝ ով ինձ միանա, ով ոչ: Սա թուլություն է, որ, անկեղծ ասած, այս երկու օրը նկատեցի նաև Մաշտոցի պուրակի դեպքում: Հիմա պուրակում հավաքված զանգվածը երիտասարդների շատ կարևոր մի էլիտա է, որը հասարակության շարժիչ ուժն է: Բայց, առհասարակ, եթե մի բան մենաշնորհվում է, գաղափարը մնում է կանգնած:
– Ջրբաժանը, որն առաջացել է քաղաքական և քաղաքացիական ակտիվիստների միջև, ինչպե՞ս պետք է հաղթահարել, ինչպե՞ս գալ այդ կոնսենսուսին:
– Ժամանակը իր հետ կբերի, կմաքրի, արհեստական լուծումներ չենք կարող տալ, կլինի հաջորդ քայլը, հաջորդ իրադրությունը, և ամեն ինչ կընկնի իր տեղը:
– Նախընտրական պրոցեսում սոցիալական ցանցերն ի՞նչ դերակատարություն կարող են ունենալ:
– Շատ կոպիտ են օգտագործվում սոցցանցերը կուսակցությունների կողմից, այսինքն` բավականին բացահայտ: Օրինակ, երբ հարց է դրվում կուսակցությունների ռեյտինգի մասին որևէ կայքում, մեկ էլ ակտիվանում են կուսակցությունները, և հստակ է, որ ոչ թե անկիրք մարդիկ են քվեարկել, այլ հենց յուրայինները:
Այստեղ արհեստականորեն ինչքան որ փորձեն մարդկանց ներգրավել, դժվար է, քանի որ բավականին խելացի զանգված է հավաքված: Facebook-ում են ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, Ժառանգությունը, Դաշնակցությունը, մի խոսքով՝ բոլորն իրենց համակիրների հետ կան, և մի փոքր հատված է մնում, որոնց վրա պետք է աշխատել: Դուրս է գալիս, որ չկողմնորոշված հատվածի համար լիքը մարդ է աշխատում:
– Այսինքն՝ ակտիվացել են նախընտրական պրոցեսների՞ ընթացքում:
– Չէի ասի, որ բավական ակտիվ են, որովհետև բավական ակտիվանում են, երբ քաղաքական դաշտում որևէ կոնկրետ իրադարձություն է տեղի ունենում, ասենք՝ մեկը շարիկ է գլորում խորհրդարանում կամ մեկը կին ծեծում, մյուս կուսակցությունները փորձում են ինքնարտահայտվել և դրա իրավունքը ունեն, և քննարկումների առիթն օգտագործում են, որ դրսևորեն իրենց իսկ արժեքները:
– Արմինե, ստացվում է՝ ընտրություններից առաջ Facebook-յան հանրության շատ քիչ տոկո՞սն է չկողմնորոշված:
– Այո՛, կարելի է այդպես ասել, որովհետև մյուս հատվածը, որը մշակութային, ավելի երիտասարդական մտերմություն են փնտրում Facebook-ում և փորձում են քաղաքականությունից հեռու մնալ, նրանք այսպես թե այնպես փորձում են հեռու մնալ քննարկումներից և կողմնորոշվում են Facebook-ից դուրս: Բայց պետք է նշել, որ հայ հասարակության 7 տոկոսն է Facebook-ում, որը այդքան էլ մեծ թիվ չէ:
– Տարածաշրջանում որքանո՞վ ենք Facebook-յան օգտատերերի թվով զիջում հարևաններին:
– Զիջում ենք Վրաստանին, բայց Ադրբեջանից առաջ ենք: Ամիսներ առաջ 116-րդ տեղում էինք, մինչդեռ Վրաստանը, կարծում եմ, շատ ավելի առաջ էր:









































