Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր գոհունակությունն է հայտնել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի երեկ կայացրած որոշման կապակցությամբ, որով հակասահմանադրական է ճանաչվել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը:
Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի արդար որոշումը հանդիսանում է ազատ արտահայտվելու ցուցանիշ: Պետության ղեկավարը բարձր է գնահատում նաև այդ օրինագծի չեղյալ հայտարարման համար Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմածների ջանքերը: Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի երեկվա որոշումն ի ցույց դրեց աշխարհում հայկական լոբբիի գործունեության հերթական կրախը»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի և այս տարվա հունվարի 23-24-ը Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Իլհամ Ալիևը շարունակ համառորեն լռություն էր պահպանել, ինչի համար խիստ քննադատության էր արժանացել թուրքական մամուլի կողմից, որը սկսել էր հիշեցնել, որ հենց Ալիևի պատճառով տապալվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:







































