Փետրվարի 29-ին (ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը) Հայաստանի ազգային հավաքականը հանդիպելու է Կանադայի ազգային ընտրանու հետ:
Կանադական մամուլն ակտիվորեն հետաքրքրվում է մեր ընտրանու պատմությամբ և տեղի ժողովրդին ներկայացնում այն` մասնավորապես նշելով հետևյալը.
«Հայաստանն անկախություն ձեռք բերեց 1991 թվականին, իսկ ՀՖՖ-ն ՖԻՖԱ-ի անդամ դարձավ 1992-ին: Դրանից հետո Հայաստանի ընտրանին երբևէ չի մասնակցել խոշոր մրցաշարերի և Սան-Մարինոյի, Անդորրայի, Լիխտենշտեյնի, Մոլդովայի ընտրանիների հետ դասվել է ամենաթույլ թիմերի շարքին, որոնք գրեթե միշտ հեշտությամբ մրցակցին զիջում էին 3 միավորը:
Սակայն «Եվրո-2012»-ի ընտրական փուլից հայկական ֆուտբոլում սկսվեց նոր ժամանակաշրջան. համեստ թիմը վերածվեց գիշատչի, որը յուրաքանչյուր խաղում կատաղի պայքար է մղում հաղթանակի հասնելու համար: Թիմը խփեց 22 գնդակ, 0:4 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Սլովակիայի հավաքականի նկատմամբ: Այժմ Հայաստանի ընտրանին ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում գտնվում է 41-րդ տեղում, որը լավագույն ցուցանիշն է համարվում երկրի ողջ ֆուտբոլային պատմության մեջ: Այդ խաղը մեծ փորձություն կլինի Կանադայի ընտրանու համար»:
Կանադացիներն առանձնացրել են նաև 6 խաղացողների, որոնց համարում են մեր հավաքականի ուժեղագույն ֆուտբոլիստներ. Գևորգ Ղազարյան, Մարկոս Պիզելլի, Յուրա Մովսիսյան, Հենրիկ Մխիթարյան, Սարգիս Հովսեփյան, Ռոման Բերեզովսկի:
Հիշեցնենք, որ Կանադա – Հայաստան խաղը կկայանա Երևանի ժամանակով 21:00-ին` Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում:










































