«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքով նախատեսվող կնիքի վերացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ, մասնավորապես առողջապահական ոլորտում: Այս մտահոգությունն այսօր Ազգային ժողովում օրինագծի քննարկման ժամանակ փոխանցեց ԲՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը:
Ըստ նրա՝ որոշակի ռիսկեր կստեղծվի թմրադեղերի և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի շրջանառության գործում, քանի որ դեղատոմսը բժշկի անձնական կնիքով կնքելու պահանջը պայմանավորված էր վերահսկումը արդյունավետ դարձնելու, բժշկի պատասխանատվությունն անհատականացնելու նպատակով:
«Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը պարզաբանում խնդրեց օրինագծում տեղ գտած «գործարարությամբ զբաղվելու մատչելիությունը» արտահայտության վերաբերյալ, ինչին Վ. Բոստանջյանն արձագանքեց. «Դուք կարծում եք ամեն ինչ գիտե՞մ: Շատ բան գիտեմ, բայց դա ես էլ չհասկացա: Մտածեցի՝ վատագույն դեպքում հիմնական զեկուցողին կհարցնենք, որովհետև հիմա գրագետները շատացել են, միգուցե նոր բառ է, որի մասին չենք իմանում»:








































